Թուրքիայում հրապարակվել է երկար սպասված «Ժողովրդավարացման փաթեթը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության դահլիճում մոտ մեկ ժամ տևած ելույթում հրապարակել է երկար սպասված «Ժողովրդավարացման փաթեթը»՝ կետ առ կետ նշելով, թե ինչ փոփոխություններ են սպասվում Թուրքիայում:

Ելույթի սկզբում Էրդողանը Թուրքիայի ուժեղացման և զարգացման համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, նախկին նախագահ Թուրգութ Օզալին, նախկին վարչապետներ Ադնան Մենդերեսին, Նեջմեթին Էրբաքանին:

Նա նշել է, որ «Ժողովրդավարացման փաթեթի» մեջ ներառված հարցերը գոյություն են ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում և շարունակում են արդիական մնալ նաև այսօր:

«Ոչ սկիզբն է և ոչ էլ՝ վերջը, սակայն վերջնակետին հասնելու ճանապարհին կարևոր քայլ է, – ասել է Էրդողանը: – Պայքարում ենք, որ Թուրքիայում բոլորը հանդուրժողականության մթնոլորտում ապրեն»: Վարչապետի խոսքով՝ բարեփոխումներն իրականացվում են հանուն Թուրքիայում «միասնության և եղբայրության»:

Ընտրական համակարգ

Էրդողանի ներկայացրած փաթեթի համաձայն՝ փոփոխության է ենթարկվելու Թուրքիայի ընտրական համակարգը: Էրդողանի խոսքով՝ Եվրամիության զեկույցներում նույնպես կարևորվում է ընտրական համակարգի փոփոխության անհրաժեշտությունը:

Ըստ Թուրքիայի վարչապետի՝ հնարավոր է վերանայվի այսօր երկրում գործող 10 տոկոսանոց ընտրական շեմը. տարբերակներից մեկն այն է, որ այն իջեցվի մինչև 5 տոկոս:

Կփոխվի քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, կվերացվեն քաղաքական կուսակցություններին անդամակցությունը սահմանափակող օրենքները:

Ներկայացված փաթեթով՝ քաղաքական կուսակցություններին իրավունք է տրվելու քարոզչություն իրականացնել այլ լեզուներով. այսպես՝ մինչ այս պահը քրդական կուսակցություններն իրենց համագումարները քրդերեն վարելու իրավունք չունեին:

Պայքար խտրականության դեմ

Թուրքիայում կստեղծվի հատուկ կառույց, որը կպայքարի ատելության սերմանման և խտրականության դրսևորումների դեմ: Կխստացվի պատիժը ատելության հիմքով գործած հանցագործությունների համար:

Այլ լեզուների օգտագործում, կրթություն

Մասնավոր դպրոցներում այլ լեզուներով կամ բարբառներով կրթություն կկազմակերպվի: Մասնավորապես՝ քրդերն իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք կստանան, ինչի համար վերջին շրջանում պայքար էին մղում:

Վերացվում է գյուղերի անունները փոխելու արգելքը, ինչի շնորհիվ կարող են վերականգնվել պատմական տեղանունները:

Փոփոխություններ կլինեն թուրքական տառերի մասին օրենքում, և կթույլատրվի օգտագործել քրդերենում (կուրմանջի) առկա և մինչ այժմ արգելված երեք տառերը՝ Q,X,W:

Թուրքիայի տարրական դպրոցներում կվերացվի «Թուրք եմ, ճշմարիտ եմ» աշակերտական երդումը, որը մինչ այս պահը պարտադիր էր:

Գլխաշորի կրում

Հասարակական հիմնարկներում կվերացվի գլխաշոր կրելու արգելքը, բացառությամբ՝ դատավորների և դատախազների:

Փոքրամասնությունների իրավունքներ

Ըստ փաթեթի՝ Նևշեհիրի համալսարանը կստանա Հաջը Բեքթաշի Վելիի անունը, որը ալևիների սրբերից մեկն է:

Ասորիներին կվերադարձվի Մոր Գաբրիել վանական համալիրը:

Խաղաղ հավաքների իրավունք

Ցույցերի և հանրահավաքների անցկացումը կարգավորող օրենսդրությունը նույնպես կվերանայվի: Մասնավորապես, հավաքներ անցկացնելու ժամանակահատվածը կերկարացվի մինչև կեսգիշեր: Նախկինում դրանց անցկացումը թույլատրվել է մինչև արևամուտ:

Էրդողանը խոսել է նաև մի քանի այլ փոփոխությունների մասին՝ հստակեցնելով, որ «Ժողովրդավարացման փաթեթում» առկա կետերը կյանքի կկոչվեն օրենսդրական կարգավորումներ իրականացնելուց հետո:

Մեկնաբանել