Մոսկվայի շրջանային դատարանները հրաժարվում են քննել Նավալնիի հայցերը

Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի շրջանային դատարանները շարունակել են մերժել Մոսկվայի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հայցերի քննումը, հաղորդում է BBC-ն: 

Ինչպես հայտնել է ընդդիմադրի ներկայացուցիչ, իրավաբան Դմիտրի Կրայնևը Twitter-ի իր միկրոբլոգում՝ Մոսկվայի մի շարք դատարաններ չեն քննել Նավալնու հայցերը: 

Ավելի վաղ Մոսկվայի դատարանները մերժել են ընդդիմադրի ներկայացրած մի շարք հայցեր՝ առանձին ընտրատեղամասերում խախտումների վերաբերյալ: 

Նավալնին դատարանում բողոքարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները՝ 951 դիմում ներկայացնելով Մոսկվայի շրջանային դատարաններ։ Ալեքսեյ Նավալնին չի ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ նրա կարծիքով՝ Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը խուսափել է երկրորդ փուլից՝ շնորհիվ վարչական ռեսուրսի։ Բողոքներում նշվում է, որ Սոբյանինի օգտին անվճար քարոզարշավ են իրականացրել քաղաքային թերթերը, այդ թվում՝ «Վեչերնյայա Մոսկվան», վարչությունները թոշակառուներին բաժանել են սննդամթերք, իսկ տանը քվեարկողների ցուցակը կազմել են սոցիալական ծառայությունները, ինչը Նավալնիի կարծիքով՝ փաստացի վերածվել է ընտրություններին մասնակցելու հարկադրանքի։