Ոստիկանությունը պատասխանում է Էդիկ Բաղդասարյանին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հետք» հետաքննական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի` Madia.am-ին տված հարցազրույցում արտահայտած այն մտքի կապակցությամբ, որ «ոստիկանությունը մի քանի սեփական կայքեր ունի, որտեղ տեղեկությունն ավելի արագ է հրապարակվում, քան անգամ ոստիկանության պաշտոնական կայքում»:

Ոստիկանության պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Ի պատասխան «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցազրույցում հնչած ապատեղեկատվության, թե ոստիկանությունը մի քանի սեփական կայք ունի, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի, որևէ կայքի հետ ուղղակի, անուղղակի կամ միջնորդավորված առնչություն նույնպես չունի և չի պատրաստվում ունենալ, որևէ կայքի «տանիք» չի հանդիսանում, որևէ կայքի կամ լրագրողի առաջնահերթություն չի տալիս, չի հովանավորում և չի օժանդակում:

Բավական է նկատի ունենալ ընդամենը Police.am պաշտոնական կայքէջի ընդգրկումերի ծավալը, տեղեկատվության օպերատիվությունն ու այցելուների քանակը, հասկանալու համար, որ ոստիկանությունը պարզապես չունի այլ կայքերի «օգնության» կարիքը, իսկ նման հայտարարությունները հերյուրանք են կամ էլ մեդիա դաշտում ունեցած անհաջողությունները սքողելու փորձ»:

Էդիկ Բաղդասարյանը սեպտեմբերի 29-ին գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: «Հետքի» խմբագիրը մասնավորապես նշել էր. «Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետև մեդիա դաշտում, մենք կարծես թե արդեն տեղ և անելիք չունենք»: