Պայթյուն, որ հարկավոր է ուղղորդել

Ալաքրամ Հումմաթովին հուզել էին արցախահայության ձեռքբերումները. սեփական երկրում հայերը մայրենի լեզվով համալսարաններ և դպրոցներ ունեն, իսկ թալիշները սեփական հողում ենթարկվում են խտրականության, ճնշումների…

Օրերս Արցախում էր թալիշ ազգային գործիչ, 1993թ. ամռան ընթացքում գոյություն ունեցած Թալիշ-մուղանական Հանրապետության հիմնադիր Ալաքրամ Հումմաթովը: Արցախի պետական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ Հումմաթովը հուզված էր: Երբեմնի մարտական գնդապետին հուզել էին արցախահայության ձեռքբերումները. սեփական երկրում հայերը մայրենի լեզվով համալսարաններ և դպրոցներ ունեն, իսկ թալիշները սեփական հողում ենթարկվում են խտրականության, ճնշումների, զուրկ են թալիշական դպրոցներից և մայրենի լեզվով սեփական մշակույթը զարգացնելու հնարավորությունից: Աշխարհում թալիշերենով միակ բարձրագույն ուսումնական ծրագիրը այս տարի ԵՊՀ-ում բացված թալիշագիտության մագիստրատուրան է միայն, ինչն իրականացել է շնորհիվ ԵՊՀ իրանագիտության բաժնի ջանքերի:

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ծանր վիճակը ցույց է տալիս, թե ինչ կլիներ, եթե մենք պարտվեինք արցախյան պատերազմում կամ ռազմական գործողությունների հենց սկզբից փորձեինք ընդունել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու այս կամ այն առաջարկը: Տարիներ անց վստահաբար մեր ազգային գործիչներն էլ կլացեին որևէ հաջողված պետության համալսարաններում՝ ցույց տալով սեփական ժողովրդի անելանելի վիճակը և ազգային մշակույթին սեփական հողում առնչվելու անհնարինությունը: Վիճակ, որ անծանոթ չէ հայությանը, բայց որն ուղղված է այսօր՝ շնորհիվ հայկական պետականության գոյության փաստի: Թալիշների, լեզգիների, Ադրբեջանում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների վիճակը հուշում է, որ արցախահայության բռնած ուղին ամենաճիշտն էր, և որ մայրենի լեզվով գրել-կարդալու, մայրենի լեզվով դպրոց ու համալսարան ունենալու իրավունքը նվաճում են զենքով, և որ միայն սեփական անկախ պետության պայմաններում է մարդն ունենում ազգային արժանապատվություն:

Ագրեսիվ Ադրբեջանի գոյությունը միշտ էլ մարտահրավեր է լինելու հայությանը՝ առնվազն Արցախի ճակատագրի առումով: Նման Ադրբեջանի առկայությունն արդեն իսկ ֆիզիկական գոյության վտանգ է ներկայացնում թալիշների, ավարների, լեզգիների, Ադրբեջանի տարածքում բնակվող այլ փոքրաքանակ ժողովուրդների համար: Հետևաբար, խաղաղության մասին մտածելիս մենք ոչ միայն պետք է մեր սահմաններն ամրացնենք ու բանակը հզորացնենք, այլ նաև մտածենք Ադրբեջանի ճնշված ու փոքրաքանակ ժողովուրդների մասին և վերջիններիս հետ համագործակցության նոր որակի հասնենք:

Այս ուղղությամբ հայկական համալսարանական, ակադեմիական, հասարակական շրջանակների ձեռնարկած քայլերը հարկավոր է բազմապատկել ԼՂՀ և ՀՀ կառավարությունների ֆինանսավորման միջոցով, տարբեր ուղիներով աջակցել վերոնշյալ ժողովուրդների մոտ ազգային ինքնությունը վերագտնելուն և ուժեղացնելուն, նպաստել մայրենի լեզուներով թերթերի, գրականության ստեղծմանը, ազգային թատրոնի և ինքնության այլ կարևոր ատրիբուտների առաջացմանը ու հզորացմանը:

Ազգային զգացումները Հարավային Կովկասում դեռ չեն հանգստացել, ինչը ենթադրում է նոր պայթյուններ ազգային հողի վրա: Մեր կարևորագույն նպատակը պետք է լինի պայթյունների ուղղորդումը հակահայկական ագրեսիվ կեցվածք ունեցող պետական միավորումների դեմ:

Մեկնաբանել