Ռուսաստանը հնարավոր է` փոխի Greenpeace-ի ակտիվիստների մեղադրանքները

Ռուսաստանի քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Greenpeace էկոլոգիական իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստները հնարավոր է` քրեական պատասխանատվության ենթարկվեն ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պատկանող «Պրիրազլոմնայա» նավթային հարթակի աշխատակիցների անվտանգությանը սպառնալիք ստեղծելու և սահմանապահներին դիմադրություն ցույց տալու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Arctic Sunrise նավի անձնակազմի գործողություններում դիտարկում են ծովահենության նշաններ, սակայն Ռուսաստանի քննչական կոմիտեի հայտարարությունում ծովահենության մեջ մեղադրանքները բացակայում են:

Greenpeace-ի ակտիվիստները սեպտեմբերի 18-ին փորձել էին բարձրանալ «Պրիրազլոմնայա» հարթակի վրա` այդպիսով բողոքելով Արկտիկայում նավթի արդյունահանման դեմ:

Քննչական կոմիտեն հստակեցրել է, որ «իբրև խաղաղ նպատակները նրանց ոչ մի կերպ չեն արդարացնում»:

Բնապահպանների Arctic Sunrise նավի վրա խուզարկությունը շարունակվում է:

Առգրավվել է սարքավորումների մի մասը, ինչպես նաև օտար լեզվով փաստաթղթեր:

«Այդ փաստաթղթերն այժմ թարգմանվում են, ապա առգրավված սարքավորումների հետ կուղարկվեն փորձաքննության, որպեսզի պարզվի, թե ինչ նպատակով կարող էին օգտագործվել»,- ասված է քննչական մարմինների տարածած հաղորդագրությունում:

Մինչ այդ Greenpeace-ի ակտիվիստների փաստաբանները բողոքարկում են Arctic Sunrise-ի անձնակազմի բոլոր 30 անդամներին երկու ամսով կալանավորած Մուրմանսկի Լենինյան շրջանային դատարանի որոշումները:

«22 ձերբակալվածների (որոնց հարցով դատավարությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին) վերաբերյալ բողոքարկումները ներկայացվել են Մուրմանսկի երկրամասային դատարան, ութ ակտիվիստների (որոնց համար խափանման միջոցները սահմանվել են սեպտեմբերի 29-ին) վերաբերյալ փաստաթղթերը կներկայացվեն առաջիկա օրերին»,- ռուսական Ինտերֆաքս գործակալությունը մեջբերում է Greenpeace-ի ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցչի խոսքը:

Կալանավորված բնապահպանները պահվում են Մուրմանսկի և Մուրմանսկի երկրամասի մի քանի քննչական մեկուսարաններում:

Greenpeace-ի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց բողոքի ակցիան խաղաղ բնույթ է ունեցել, և որ բնապահպաններին ի սկզբանե ներկայացված «ծովահենության» մեղադրանքներն աբսուրդ են:

Համաձայն քննիչների` Arctic Sunrise նավի վրա մի խումբ մարդիկ մեծ քանակությամբ սարքավորումներով, որոնց նշանակությունը դեռևս պարզված չէ, խախտել են «Պրիրազլոմնայա» հարթակի 500-մետրանոց անվտանգության գոտին և մոտեցել են նրան:

Greenpeace-ի չորս ակտիվիստները ձերբակալվել էին սեպտեմբերի 18-ին անմիջապես «Պրիրազլոմնայա» նավթային հարթակի վրա, հաջորդ օրը ՌԴ սահմանապահները բարձրացել էին Arctic Sunrise նավի վրա, և այն անձնակազմի մյուս անդամների հետ տեղափոխվել էր Մուրմանսկ:

Greenpeace-ը հայտարարում է, որ ռուսական հատուկ ծառայությունները զավթել են իր Arctic Sunrise նավը։

Մեկնաբանել