Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին

Սեպտեմբերի 30-ին արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։ Այս մասին հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրել է ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։

«Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը»,- ասել է ԵԽ Նախարարների կոմիտի նախագահը։

Անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին տեղեկացրել է հոկտեմբերի 21-22-ը Երևանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ «Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ համընդհանուր արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձել է հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ Նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբատում և Թունիսում։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Հանդիպմանը քննարկվել է ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը։

Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրել է Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների և դրանց արդյունքների մասին, անդրադարձել է Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Մեկնաբանել