Տիգրան Սարգսյանը այցելել է Սանկտ Պետերբուրգի մշակութային օջախներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:

Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը, որն ունի նաև թանգարանի կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թթ.: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական մոնումենտալ գեղանկարչության լավագույն հավաքածուները:

Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ`շրջել Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցասրահներով: Այստեղ ներկայացված էին ուրարտական թագավորության դարաշրջանից եկող տարբեր ցուցանմուշներ, Անիից բերված խաչքարեր և Կարմիր բլուրում պեղումների արդյունքում հայտնաբերված հայկական գտածոներ:

Վարչապետ Սարգսյանի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում բացվել է նաև հայտնի ռուս ազգագրագետ Միլլերի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 20-րդ դարասկզբում Արևմտյան Հայաստանի, մասնավորապես, Վանի հայ ժողովրդի կյանքն ու ապրելակերպը: Միլլերի լուսանկարչական հավաքածուն` բաղկացած շուրջ 60 լուսանկարներից, դուրս է բերվել Արևմտյան Հայաստանից 1915թ. գարնանը: Նախատեսվում է առաջիկայում Միլլերի հարուստ հավաքածուն մեկտեղել մեկ ալբոմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ ցուցահանդեսը հաջորդ տարի կներկայացվի Հայաստանում:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը ծանոթացել է նաև նույն թանգարանում բացված Անդրկովկասի ժողովուրդների ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին: Այստեղ առկա էր նաև հայկական հավաքածուն` տարազներ, քարտեզներ, հնագիտական առարկաներ, որոնք ներկայացնում են հայաստանյան կենցաղը, Արևմտայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Շուշիի տարածքում հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը:

Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցի:

Հոկտեմբերի 1-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Կոնստանտինովյան պալատում կկայանա հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստը:

Մեկնաբանել