Վացլավ Հավելի անվան մրցանակը բելառուս իրավապաշտպանի է շնորհվել

Վացլավ Հավելի անվան մրցանակը ստացել է բելառուս դատապարտված իրավապաշտպան Ալես Բելյացկին, հաղորդում է BBC-ն:

Մրցանակը, որը տրվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ամեն տարի շնորհում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Վացլավ Հավելի գրադարանի և Charta 77 հիմնադրամի հետ համատեղ: Մրցանակի գումարը 60 հազ. եվրո է կազմում:

2011թ. օգոստոսին ձերբակալված բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկիին Բելառուսի իշխանությունները մեղադրեցին առանձնակի խոշոր չափերի եկամուտներ թաքցնելու մեջ, և նա դատապարտվեց չորսուկես տարի ազատազրկման խստացված ռեժիմի գաղութում` սեփականության առգրավմամբ:

Իրավապաշտպանն ու փաստաբանները դատարանում ապացուցում էին, որ Բելյացկիի արտասահմանյան հաշիվների վրա կուտակված միջոցներն օգտագործվել են իրավապաշտպան գործունեության համար և չեն եղել ամբաստանյալի եկամուտը: Բելյացկիի գլխավորած «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը Բելառուսում գործում է 1996-ից, սակայն Բելառուսի արդարադատության նախարարությունը հրաժարվում է պաշտոնապես գրանցել այն:

Արտասահմանյան հիմնադրամներից և իրավապաշտպան կազմակերպություններից ստացված միջոցները, որոնց պատճառով Բելյացկին դատապարտվել է, օգտագործվել են` Բելառուսում բողոքի ակցիաների մասնակիցների համար նշանակված տուգանքները վճարելու և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` բանտում հայտնված քաղաքական ընդդիմախոսներին օգնելու համար:

Իրավապաշտպանին մեղսագրված վնասը դատավճռի նախօրեին մարվել էր` ի հաշիվ քաղաքացիների կամավոր նվիրաբերությունների:

Չնայած դրան` Ալես Բելյացկին Բոբրույսկա քաղաքի №2 ուղղիչ գաղութում կրում է Բելառուսի դատարանի նշանակած պատիժը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Բելյացկիին ճանաչել են խղճի դատապարտյալ:

Մեկնաբանել