ՌԴ-ն ճնշում է նախկին ԽՍՀՄ երկրներին`ձգտելով միավորել իր տնտեսական միությունում. Washington Post

Արևմուտքը անկախ Մոլդովան երկար ժամանակ «անհույս դեպք» էր համարում, հիշեցնում է ամերիկյան Washington Post պարբերականն իր խմբագրականում. այս երկիրը հայտնի էր «կանանց և դոնորական օրգանների առևտրով»: Բայց այժմ Մոլդովան լիբերալ ժողովրդավարություն է` աճող տնտեսությամբ, այն ուր որ է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր կստորագրի:

Սակայն Կրեմլը կիրառում է պատժիչ միջոցառումներ և կաշառք`միայն թե թույլ չտա, որ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեն: Նա այս երկրներին համոզում է անդամակցել Մաքսային միությանը: «Սա միջոց է` իրականացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի` ԽՍՀՄ-ի նման ինչ-որ մի բան վերականգնելու երազանքը»,- ասված է հոդվածում:

Հայաստանը վերջերս «անձնատուր եղավ», սակայն Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը հայտարարում են, որ չեն հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրերից: Սա խիզախ որոշում է, քանի որ ԵՄ-ի հետ ասոցացումը պարտավորեցնում է իրականացնել մասշտաբային բարեփոխումներ, իսկ Պուտինը խնդրում է ընդամենը «համաձայնեցնել մաքսերը և Ռուսաստանին անձայն ճանաչել սյուզերեն», նշում է պարբերականը:

Ի՞նչ պետք է անի Արևմուտքը: Washington Post-ը ԵՄ-ին խորհուրդ չի տալիս մեղմել համաձայնագրերի քաղաքական պայմանները, ինչի մասին խնդրում են Լեհաստանն ու Լիտվան: «Սակայն առաջիկա երկու ամիսներին ԵՄ առաջնորդները պետք է շատ ջանան, որպեսզի եվրասիական երկրներին համոզեն ընդունել արևմտյան արժեքները: ԱՄՆ-ի օգնությունն օգտակար կլինի»,- նշում է պարբերականը:

Մեկնաբանել