Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության հեռանկարները

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայ-ֆրանսիական բարեկամությունը, նախագահի բնորոշմամբ, այնքան խոր, ընդգրկուն և բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն:

Սերժ Սարգսյանի խոսքով` հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության` այդ թվում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ:

Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը ևս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին:

Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի նախագահը հատկապես կարևորել է հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, և հաջողությամբ են զարգանում նաև հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

Մեկնաբանել