Պատասխան Մադուրոյին․ ԱՄՆ-ը արտաքսում է վենեսուելացի դիվանագետներին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պերսոնա նոն գրատա է հայտարարել վենեսուելացի երեք դիվանագետի՝ ի պատասխան Կարակասի համանման որոշման, հաղորդում է BBC-ն։

Գործերի հավատարմատար Կալիստո Օրտեգա Ռիոսին, Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատան երկրորդ քարտուղար Մոնիկա Մորալեսին, ինչպես նաև Հյուսթոնի հյուպատոսությունում հյուպատոս Մարիսոլ Ալմեյդեին տրվել է 48 ժամ՝ Միացյալ Նահանգները լքելու համար։

«Ցավալի է, որ Վենեսուելայի կառավարությունը հերթական անգամ անհիմն մեղադրանքների հիման վրա որոշում է ընդունել ամերիկացի դիվանագետների արտաքսման մասին, և սա պատասխան գործողություններ է պահանջում»,- ասված է Պետդեպի հայտարարությունում։

Նախօրեին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամերիկացի երեք դիվանագետի մեղադրել էր երկրի տնտեսության քայքայման նպատակով դիվերսիաների մեջ և հայտարարել էր նրանց արտաքսելու մասին։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը հերքում է ԱՄՆ-ի կառավարության մասնակցությունը որևէ դավադրության, որի նպատակը Վենեսուելայի ապակայունացումն է։

Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վերջին տասնամյակում լարված են։ Այս երկու երկրները դեսպանի մակարդակով հարաբերություններ չեն պահպանում 2010-ից։

Մեկնաբանել