Հինգ պատճառ՝ ինչու բոյկոտել տրանսպորտի սակագնի բարձրացումը

Երևանի քաղաքապետարանին կից ստեղծված տրանսպորտի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նպատակը ոչ այլ ինչ է, քան 2013թ. հուլիսին Երևանի քաղաքային տրանսպորտի սակագինը բարձրացնելու կասեցված որոշումը կրկին կյանքի կոչելը: Մինչ քաղաքային իշխանությունները փորձում են գործադրել իրենց «պնդաճակատությունը» արդարացնող կիսալեգիտիմ մեթոդներ, այդ պնդաճակատությունը պետք է կոտրել և սակագների բարձրացման բոյկոտը շարունակել հետևյալ պարզ և ըմբռնելի հիմնավորումներով:

1. Քաղաքային իշխանությունները լեգիտիմ չեն, դրանք չեն ընտրվել ժողովրդի կողմից, այլ ինքնահռչակվել են բարցարձակ կեղծված ու կաշառված ընտրությունների շնորհիվ: Լինելով ոչ լեգիտիմ, նրանք ի վիճակի չեն ապահովել Երևան քաղաքի ժողովրդավար կառավարում, ուստի նրանց կողմից ցանկացած (հիմնավորված կամ չհիմնավորված) որոշում ենթակա է բոյկոտի՝ քաղաքացիական անհնազանդության միջոցով:

2. Սակագին բարձրացնողները (երթուղային գծեր ունեցող և կաշառակեր իշխանավորները) չունեն քաղաքային տրանսպորտի բարեփոխումների որևէ հայեցակարգ, որի տրամաբանության շրջանակներում կարող են հիմնավորել սակագնի բարձրացումը:

Բարեփոխումների հայեցակարգի բացակայության պարագայում ոլորտի առանձին փոքրիկ մաս կազմող սակագնային քաղաքականությունը չի կարող որոշվել համատեքստից անջատ՝ ինչ-որ ոչ լեգիտիմ հանձնաժողովի կողմից: Եթե վաղը-մյուս օրը քաղաքապետարանից ինչ-որ կցկտուր փաստաթղթեր մոգոնեն ու երևան հանեն, դրանք լինելու են միջազգային վարկատու կառույցներից վարկ ստանալու նպատակով գրված տեքստեր, որոնք իհարկե հայեցակարգ չեն կարող լինել:

3. Տրանսպորտի ոլորտը շարունակում է մնալ հարկային վերահսկողությունից դուրս: Քաղաքացու վճարած սակագինը չի վերադառնում ոչ իրեն (ծառայությունների բարելավման տեսքով), ոչ քաղաքին (տրանսպորտային համակարգը կարգավորելու ու բեռնաթափելու, դրա ստեղծած բնապահպանական և առողջական խնդիրները լուծելու տեսքով):

4. Քաղաքային ոչ լեգիտիմ իշխանությունները չունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ կառավարելու համակարգը և ապահովելու դրա օպտիմալ ու մրցակցային գործունեությունը: Համակարգը շարունակում է մնալ հետամնաց, սակագնի փոփոխությունը չի լուծում ո՛չ հարկային, ո՛չ որակի, ո՛չ բնապահպանական հարց: Այդ փոփոխությունը միայն ուղղված է ապօրինի շահագործողների գրպանը լցնելուն:

5. Ժողովրդի շահերից բխող քաղաքական որոշումներ և կամք կարելի է միայն պարտադրել, դա ակնկալել, կոչ անել, պահանջելը արդեն ապացուցված է, որ չի գործում: Ուղղակի ժողովրդավարության մշակույթը սաղմնավորվման փուլում է Երևանում և մեծ հնարավորություն ունի ծնվելու ու զարգանալու: Պետք է օգտվել ժողովրդի իշխանությունը ուղղակի ժողովրդավարության միջոցով վերահաստատելու հնարավորությունից:

Մինչև վերև նշված հինգ հիմնարար խնդիրներն իրենց լուծումները չստանան, Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի բարեփոխման և դրա շրջանակներում սակագների վերանայման որևէ որոշում չի կարող հանրության կողմից ընդունելի լինել:

Աննա Շահնազարյան

Մեկնաբանել