Ինը զինծառայողի ընտանիք բնակարան է ստացել

Կառավարության և պաշտպանության նախարարության առաջնային ուշադրության կենտրոնում են զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման խնդիրները, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Ըստ այդմ` վերջին տարիներին շահագործման են հանձնվել զինծառայողների համար նախատեսված բնակելի բազմաթիվ շենքեր: Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ են տոնել 9 զինծառայողների ընտանիքներ:

Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններով: Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին:

Մեկնաբանել