Թլպատման մասին ԵԽԽՎ-ի բանաձևն անօրինական է. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը քննադատել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, որով դատապարտվել է մինչև 14 տարեկան տղաների թլպատումը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

«Դա բացարձակ սխալ որոշում է, – ասել է Բոզդաղը: – Պատգամավորները, քաղաքական գործիչները, կառավարությունները, միջազգային կազմակերպությունները չեն կարող մարդկանց համոզմունքներին վերաբերող որոշումներ ընդունել: Այս որոշումն ինքնին հակասում է ԵՄ օրենսդրությանը (Acquis communataire), եվրոպական արժեքներին, խղճի և դավանանքի ազատությանը»:

Հիշեցնելով, որ գերմանական որոշ դատարաններ նախկինում նման որոշումներ են ընդունել, Բոզդաղն ասել է, որ դժբախտաբար, նմանատիպ սխալ մտածելակերպն ընդունվում է Եվրոպայի ամենակարևոր կառույցների կողմից:

«Սա խղճի և դավանանքի ազատության ակնհայտ խախտում է: Սա օրինական չէ և բացարձակապես անընդունելի», – ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

ԵԽԽՎ-ի բանաձևում խոսքը գնում էր երեխաների «ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության», այդ թվում՝ կրոնական հիմքերով տղաների թլպատման մասին:

Մեկնաբանել