Դատապարտում ենք Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ պաշտոնյաների կողմից հնչեցվող գնահատականներին:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը և քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են:

Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերևս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջև հաշվետու լինելու կարևորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները փաստորեն շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը:

Բանն այն է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիների հուսալքության և արտագաղթի մղող գործողությունները, մասնավորապես գողացված ընտրությունները, մարդկանց բազմաթիվ այլ իրավունքների խախտումը, մեր ազգային-պետական շահերին հարվածող հայ-թուրքական արձանագրությունները, հիմա էլ՝ Մաքսային միությանը միանալու համաձայնությունը, ըստ էության, հետևանք են ազարտային խաղերի հանդեպ հատուկ մոտեցումների, ընդ որում՝ պետության, նրա ինքնիշխանության, Սահմանադրության և երկրի քաղաքացիների շահերի հաշվին:

Հատկանշական է, որ ԶԼՄ-ների՝ մոլեխաղերին վերաբերող որոշ հաղորդումների բարձրաձայնումը իշխանություններն ավելի ցավագին ընդունեցին, քան կազմակերպված պետական հանցագործության՝ ընտրական կողոպուտի ակնառու փաստի արծարծումը:

«Ժառանգություն» կուսակցությունը հետևողականորեն պայքարելու է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության, օրինական ընտրությունների անցկացման, ինչպես նաև պետական պաշտոնյաների՝ հասարակությանը հաշվետու լինելու հանրակարգի կայացման համար»:

Հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Զարուհի Փոստանջյանը նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, որի շուրջ բավական մեծ աղմուկ էր բարձրացել:

Զարուհի Փոստանջյանը մասնավորապես հարցրել էր. «Ճի՞շտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում և 70 միլիոն եվրո տանուլ տվել: Ո՞վ է Ձեզ տվել 70 միլիոն եվրո և ինչի՞ դիմաց», ինչին նախագահը պատասխանել էր. «Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեիք»:

Հոկտեմբերի 3-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցի կապակցությամբ մտադիր է փոփոխություններ կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում:

Մեկնաբանել