Կահիրեում բախումների ժամանակ առնվազն մեկ մարդ է զոհվել

Եգիպտական ոստիկանությունը հոկտեմբերի 4-ին արցունքաբեր գազ է կիրառել Կահիրեի կենտրոնում հավաքված իսլամիստների կողմնակիցներին ցրելու համար, հաղորդում է Al Jazeera-ն:

Իրավապահները նաև նախազգուշացնող կրակ են բացել այն պահին, երբ «Մուսուլման եղբայրներին» աջակցող տասնյակ ակտիվիստներ մոտեցել են Թահրիր հրապարակին: Ոչ պաշտոնական տվյալներով` բախման արդյունքում զոհվել է շարժման կողմնակիցներից մեկը:

Կահիրեի կենտրոնական հրապարակը հոկտեմբերի 3-ին շրջափակվել է իրավապահների կողմից, մերձակայքում տեղակայվել է զրահատեխնիկա:

Ուրբաթ օրը`հոկտեմբերի 4-ին, երբ Եգիպտոսի տարբեր քաղաքական ուժեր ավանդաբար ակցիաներ են կազմակերպում, մի քանի հազար մարդ դուրս է եկել փողոցներ` պահանջելով «վերականգնել արդարությունն» ու իշխանությունը վերադարձնել հուլիսի սկզբին պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին:

Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսի դատարանը արգելեց «Մուսուլման եղբայրների» գործունեությունը երկրի ամբողջ տարածքում՝ զրկելով նրան ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակից։ Բացի այդ` իշխանությունների կողմից փակվեց «Ազատություն և արդարություն» թերթի խմբագրությունը, որը «Մուսուլման եղբայրների» և նրա քաղաքական թևի՝ «Ազատության և արդարության կուսակցության» տպագիր մարմինն էր։

Մեկնաբանել