Հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը

ՀՀ կառավարության որոշմամբ` 2004-ից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»:

Մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացրել է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվել է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00-ը Հայաստանի Հանրապետության շուրջ 100 գրադարան բաց է եղել ընթերցողների համար:

«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը:

Ինչպես հաղորդում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով ավելի քան 300 միջոցառում. կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ և այլն:

Այս տարի առանձնակի ուրախությամբ իրենց մասնագիտական տոնը կնշեն Շիրակի մարզային գրադարանի գրադարանավարները: Հոկտեմբերի 7-ին Շիրակի նորաբաց մարզային գրադարանն իր հարկի տակ կհյուրընկալի հանրապետության մշակույթի և գրադարանային ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցողներին: Գրադարանի շենքը, որը համարվում է Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական շինություններից մեկը, վերակառուցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Իտալիայի կառավարության և ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Գրադարանային ոլորտը մշտապես գտնվում է մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում: 2012թ. «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի ընդունումից հետո նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են օրենքից բխող 6 իրավական ակտեր: «Գրադարանների տեխնիկական վերազինում և արդիականացում» ծրագրի շրջանակում 2012թ. իրականացվել է մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 13 գրադարանների վերազինման և արդիականացման աշխատանքներ:

Մեկնաբանել