ՏՄՊՊՀ-ն պարզել է` «Էկոն» էկո չէ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուսումնասիրելով «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» և նման անվանումներով մթերքների արտադրության ոլորտը, պարզել է, որ տասնյակ դեպքերում նման անվանումներն ունեն սպառողին մոլորեցնելու միտում:

ՏՄՊՊՀ հաղորդագրության համաձայն` խախտումներ են հայտնաբերվել մասնավորապես հացի, հրուշակեղենի, մեղրի, պահածոների, ձավարեղենի, թեյի և այլ շուկաներում: ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով պարզվել է, որ ընկերություններն իրենց արտադրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել են ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Համաձայն օրենսդրության` արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաև գովազդում կարող է նշվել «օրգանական», «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները, եթե այն համապատասխան սերտիֆիկացում անցած արտադրանք է: Ընկերություններից որևէ մեկը հավաստման փաստաթուղթ չի ներկայացրել, հաղորդում են ՏՄՊՊՀ-ից:

Դիտանցումների արդյունքում բացահայտվել է, որ անբարեխիղճ վարքագիծ են դրսևորել «Թալին ֆուդ»,«Կալաչ», «Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան «Նյու Վեյվ», «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի», «ԱՁ Գ. Հյուսյան» և «Ամառտի»:

ՏՄՊՊՀ որոշմամբ` օրինախախտ ընկերություններին տրվել է խիստ նախազգուշացում՝ 10-օրյա ժամկետում խախտումները վերացնելու հանձնարարականով:

ՏՄՊՊՀ-ն վերոնշյալ խնդրի հետ կապված ուսումնասիրել է նաև ոչ պարենային ապրանքների շուկան: Պարզվել է, որ մաքրող և լվացող միջոցների, սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պարագայում ևս կիրառվում են «Բիո» և «Էկո» հասկացությունները: Սակայն օրենսդրությունն այս տեսակի ապրանքների մասով հստակ կանոնակարգված չէ և կարիք կա լրացումների: Խնդրի կանոնակարգման հետ կապված Հանձնաժողովը հանդես կգա օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով:

Մեկնաբանել