Apple-ը բարելավում է իր դիրքերն ԱՄՆ սմարթֆոնների շուկայում

ԱՄՆ-ում 2013թ. օգոստոսին հաշվվել է 145 մլն սմարթֆոնի սեփականատեր, ինչը 3%-ով գերազանցում է 2013թ. մայիսի համապատասխան ցուցանիշը. այս մասին են վկայում comScore հետազոտական ընկերության տվյալները:

Ինչպես հաղորդում է Cnet-ը, «խելացի» սարքավորումների մասնաբաժինը բջջային սարքավորումների ամերիկյան շուկայում կազմում է 60,8%: Առաջատար դիրքում է Apple-ը, որի մասնաբաժինը 3 ամսում 39,2%-ից աճել է մինչև 40,7%: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Samsung-ը նույնպես բարելավել է իր դիրքերը` 23%-ից հասնելով 24,3%: Երրորդ տեղում է HTC-ն` 8,7%-ից նվազելով մինչև 7,4%, որին հաջորդում են Motorola-ն և LG-ն` համապատասխանաբար գրավելով շուկայի 6,9%-ը և 6,7%-ը:

Նույն հետազոտության համաձայն` ԱՄՆ շուկայում ամենատարածված օպերացիոն համակարգը շարունակում է մնալ Android-ը: 3 ամսվա ընթացքում վերջինիս մասնաբաժինը տվյալ շուկայում 52,4%-ից նվազել է մինչև 51,6%, իսկ Apple iOS-ն ավելի է ամրապնդել իր դիրքերը` 39,2%-ից հասնելով 40,7%-ի: BlackBerry հարթակի մասնաբաժինը կազմում է 4,0%, որը 3 ամիս առաջ կազմում էր 4,8%:

Մեկնաբանել