Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի ֆավորիտը Մուրակամին է. բուքմեքերներ

Բրիտանական Ladbrokes բուքմեքերական ընկերությունը կարծում է, որ գրականության բնագավառում 2013թ. Նոբելյան մրցանակը ստանալու ամենամեծ շանսերն ունի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին: Մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին:

Բուքմեքերների ցանկի երկրորդ տեղում է կանադացի գրող, «Բուքեր» մրցանակի դափնեկիր Էլիս Մունրոն, որի արձակը համեմատում են Չեխովի գործերի հետ: Նրա կարճ ստեղծագործություններում, ինչպես և ռուս դասականի պատմվածքներում, սյուժեն երկրորդային է, կարևոր է հերոսների ապրումների խորությունը:

Ladbrokes-ի ցանկի երրորդ տեղում է բելառուս գրող և լրագրող Սվետլանա Ալեքսիևիչը, որն այս տարի դարձել է գերմանացի գրավաճառների մրցանակի դափնեկիր, 2006-ին ստացել է Քննադատության ազգային մրցանակ (ԱՄՆ), իսկ 1997-ին՝ ռուսական «Տրիումֆ»:

Բուքմեքերական ցանկում են նաև Կորմակ Մակքարթին (ԱՄՆ), Միլան Կունդերան (Չեխիա), Ումբերտո Էկոն (Իտալիա), Ֆիլիպ Ռոտը (ԱՄՆ), Թոմաս Պինչոնը (ԱՄՆ), Ամոս Օզը (Իսրայել), Բոբ Դիլանը (ԱՄՆ):

2012թ. գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի էր արժանացել չինացի գրող Մո Յանը:

Նոբելյան մրցանակաբաշխությունն, ըստ ավանդույթի, կկայանա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում: Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրը կազմում է 8 մլն շվեդական կրոն:

Մեկնաբանել