Եվրախորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ վիզայի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը

Եվրախորհրդարանը վավերացրել է Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, համապատասխան երաշխավորագիրն ընդունվել է հոկտեմբերի 9-ին Բրյուսելում խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:

Վիզային ռեժիմի պարզեցումը թույլ կտա նոր թափ հաղորդել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությանը:

Նոր կանոնակարգերը վիզաների տրամադրման գործընթացները կդարձնեն ավելի արագ (որոշումը կընդունվի 10 օրվա ընթացքում, արտակարգ դրության պայմաններում` 2 օր կամ ավելի քիչ), ավելի էժան (դիմումը կարժենա 35 եվրո) և կազատեն բյուրոկրատական քաշքշուկներից (պահանջվող փաստաթղթերի թիվը կրճատվել է բնակչության որոշ խմբերի համար` մոտ հարազատներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, ուսուցիչներ, ուսանողներ, գործարարներ, լրագրողներ, գիտնականներ և այլն):

Պարզեցվել են նաև բազմակի մուտքի վիզաների տրամադրման համար պահանջվող չափանիշները:

Հայաստանում 2013թ. հունվարի 10-ից ուժի մեջ է մտել Եվրամիության անդամ և Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի միակողմանի վերացման մասին որոշումը:

Եվրամիությունն արդեն կնքել է վիզայի տրամադրման դյուրացման մասին համաձայնագիր ԵՄ անդամ չհանդիսացող 9 երկրի հետ: Հարավային Կովկասից նմման համաձայնագիր արդեն կնքվել է Վրաստանի հետ:

Մեկնաբանել