Google Hangouts-ը նաև SMS-ներ կուղարկի

Համացանցում հայտնվել են Google Hangouts մեսենջերի նոր տարբերակի մի քանի լուսանկարներ: Mashable-ի հաղորդմամբ` այդ լուսանկարներում կարելի է տեսնել, որ թարմացված ծառայությունը ներառում է նաև SMS հաղորդագրություններ:

Լուսանկարներից մեկում կարելի է նկատել ստացված հաղորդագրությունը, որի ներքևի հատվածում երևում է «ուղարկված է SMS-ի միջոցով» գրառումը, իսկ մյուսում «միացնել SMS-ը» գրառումը, ինչը հնարավորություն է տալիս Hangouts-ի միջոցով ուղարկել և ստանալ կարճ հաղորդագրություններ:

Աղբյուրը նշում է, որ վերոնշյալ լուսանկարները կատարվել են Hangouts 1.3 թարմացված տարբերակի դեպքում, իսկ ընթացիկ տարբերակը Hangouts 1.2-ն է: Լրատվամիջոցները հավելում են, որ ծառայության նոր տարբերակը կներառի նաև MMS-ի և տեսանյութերի ուղարկման ծառայություններ:

Թե երբ հնարավոր կլինի բեռնել Hangouts 1.3-ը, դեռ չի նշվում: Ըստ ամենայնի, այն ներգրավված կլինի թարմացված Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգում:

Google Hangouts մեսենջերը հնարավորություն է տալիս հաղորդագրություններ փոխանակել Google-ի օգտահաշվի միջոցով: Բջջային ծրագիրն ամբողջովին սինխրոնիզացված է Google+ սոցցանցի հետ:

Մեկնաբանել