ԱՄՆ-ը զգալի կրճատել է ռազմական օգնությունը Եգիպտոսին

ԱՄՆ-ը դադարեցրել է պաշտպանական որոշ համակարգերի և տարեկան $1,3 մլրդ ռազմական օգնության մի մասի հատկացումը Եգիպտոսի իշխանություններին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ մատակարարումները սառեցվելու են ժամանակավորապես, և դրանց վերսկսման համար անհրաժեշտ է «կայուն առաջընթաց» ազատ ու արդար ընտրությունների ճանապարհին։

Խոսքն առաջին հերթին պաշտպանական խոշոր համակարգերի մասինէ։ Մասնավորապես՝ սառեցվելու են F-16 ինքնաթիռների, Apache ուղղաթիռների և Harpoon հրթիռների մատակարարումները, ինչպես նաև Abrams տանկերի պահեստամասերի մատակարարումները։

Վաշինգտոնը մտադիր է դադարեցնել Կահիրեին $260 մլն-ի ֆինանսական օգնության, ինչպես նաև $300 մլն-ի չափով վարկի հատկացումը։

Եգիպտոսում քաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Հոկտեմբերի 6-ին ավելի քան 50 մարդ զոհվել է հուլիսի սկզբին պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումներում։

Մեկնաբանել