«Բալյոզի» գործով դատավարությունն ավարտված չէ. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի Վճռաբեկ դատարանի՝ «Բալյոզի» («Մեծ մուրճ») գործով կայացրած որոշումը վերջնական չէ, հաղորդում է Zaman-ը:

«Դատավարությունն այս պահին չի ավարտվել. վերջակետը դեռ դրված չէ, և մենք շարունակում ենք հետևել գործընթացին», – ասել է Էրդողանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը հավանություն է տվել Ստամբուլի ծանր հանցագործությունների 10-րդ դատարանի՝ 237 զինվորականի նկատմամբ սահմանած պատիժներին: Այսպես՝ թուրքական զինուժի մի շարք գեներալներ և բարձրաստիճան զինվորականներ ազատազրկման են դատապարտել՝ մեղադրվելով ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Թուրքական բանակի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, թուրքական ցամաքային առաջին բանակի նախկին հրամանատար չերքեզական ծագումով Չեթին Դողանը դատապարտվել են 20 տարի ազատազրկման: Թուրքական դատարանի պնդմամբ՝ Չեթին Դողանը 2002թ. խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել թուրքական բանակում խունտայի ստեղծմանը, որը պետք է ռազմական հեղաշրջում նախապատրաստեր:

18 տարվա ազատազրկան են դատապարտվել գեներալներ Բիլգին Բալանլըն, Էրգին Սայգունը, Շուքրու Սարըշըքը և թուրքական գեներալիտետի այլ բարձրաստճան պաշտոնյաներ: «Բալյոզի» գործով 88 մեղադրյալ ազատ է արձակվել, 36-ը՝ արդարացվել: Վճռաբեկ դատարանի որոշումը թուրքական մամուլը պատմական է համարել:

«Բալյոզի» աղմկահարույց գործով դատավարությունը սկսվել է 2010թ. հունվարի 10-ին թուրքական Taraf պարբերականում տպագրված մի հրապարակումից հետո: «Բալյոզի» գործով անցնում էր 365 զինվորական, որոնք մեղադրվում էին Թուրքիայում ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

2003թ. մարտին, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեռ մեկ տարի էր կանգնած իշխանության ղեկի մոտ, ռազմական հեղաշրջում է նախապատրաստվում, որի հետևում կանգնած անձինք նախատեսում էին ապակայունացնել երկիրը. պայթյուններ իրականացնել մի շարք մզկիթներում, աղմկահարույց սպանություններ կատարել, որից հետո էլ զինվորականությունը պետք է գրավեր իշխանությունը:

«Բալյոզի» գործով մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը՝ հայտարարելով, որ ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրություն չեն ունեցել, իսկ վերոնշյալ ծրագրերը ուսումնական բնույթ էին կրում:

«Էրգենեկոնի» դատավարությունից հետո «Բալյոզի» գործը թուրքական զինվորականությանն ուղղված հերթական հարվածն է:

Մեկնաբանել