Լիբիայում նախկին ապստամբները հայտարարում են վարչապետին ձերբակալելու մասին

Պաշտոնապես Լիբիայի կառավարությանը ենթակա ջոկատի զինված անձինք հոկտեմբերի 10-ին՝ լուսաբացին, Տրիպոլիում հյուրանոցից առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նախկին ապստամբ խմբավորումը, որն իրեն անվանում է «Հեղափոխականների օպերատիվ բջիջ», հայտարարել է, որ Զեյդանը «ձերբակալվել է դատախազի կարգադրությամբ» և դա կապել է անցած շաբաթ ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինների կողմից Անաս ալ Լիբիին ձերբակալելու և Տրիպոլիից դուրս տանելու գործողության հետ։

Լիբիայի արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ վարչապետի ձերբակալության որևէ հրաման չի արձակել։

Երկրի կառավարության կայքում տեղադրված հայտարարությունում ասվում էր, որ վարչապետին տարել են «անհայտ ուղղությամբ և անհայտ պատճառներով»։

Ինչպես պարզաբանում է Տրիպոլիում BBC-ի թղթակից Ռանա Ջավադը, Լիբիայում ի հայտ են եկել բազմաթիվ զինված խմբավորումներ, որոնք պաշտոնապես ենթակա են այս կամ այն նախարարությանը, սակայն հաճախ փաստացի ինքնուրույն են գործում։ «Հեղափոխականների օպերատիվ բջիջը» պաշտոնապես ենթակա է պաշտպանության և ներքին գործերի նախարարություններին։

Կառավարությունը չի մատնանշել, թե որ հյուրանոցից են տարել Զեյդանին, սակայն հայտնի է, որ նա ապրում է «Կորինտիա» հյուրանոցում։ Այս հյուրանոցում մի կին, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, հաստատել է, որ միջադեպը հենց այդտեղ է տեղի ունեցել։

«Հեղափոխականները» Facebook-ի իրենց էջում տեղադրած հայտարարությունում խոստացել են հետապնդել բոլոր նրանց, ովքեր ԱՄՆ-ին օգնել են ձերբակալել Ալ Լիբիին։

Լիբիայի նախարարների կաբինետը արտահերթ նիստ է գումարել փախվարչապետի նախագահությամբ։

Հոկտեմբերի 8-ին BBC-ն հեռարձակել էր հարցազրույց, որում Ալի Զեյդանը դիմել էր Արևմուտքի երկրներին՝ խնդրելով օգնել զսպել Լիբիայում զինյալներին։

Լիբիայի վարչապետը խոստովանել էր, որ իր երկիրն ի վիճակի չէ լուծել իր տարածքում իսլամիստական խմբավորումների խնդիրը՝ առանց Արևմուտքի օգնության։

Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի հատուկ ջոկատը ձերբակալել և Տրիպոլիից դուրս էր տարել Անաս ալ Լիբիին, որին Վաշինգտոնը համարում է «Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկը՝ պատասխանատու 1998թ․ Քենիայում և Տանզանիայում ամերիկյան դեսպանատների պայթյունների կազմակերպման համար։

Մեկնաբանել