Եթե իմանայի Դինքի սպանության ծրագրի մասին, այն կկանխվեր. Տրապիզոնի նախկին նահանգապետ

Տրապիզոնի նախկին նահանգապետ Հուսեյին Յավուզդեմիրը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության ծրագրի մասին, հաղորդում է Taraf-ը:

«Եթե ոստիկանությունը կամ ժանդարմերիան ինձ տեղեկություն տրամադրեին, այդ ժամանակահատվածում Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկեր, և Դինքը չէր սպանվի», – ասել է Յավուզդեմիրը:

Տրապիզոնի նախկին նահանգապետը չի բացառել այն հանգամանքը, որ անվտանգության մարմինները տիրապետել են նման տեղեկության, սակայն իրեն չեն տրամադրել: Նշենք, որ Դինքի սպանության իրականացնողներ Յասին Հայալն ու Օգյուն Սամասթը Տրապիզոնից են:

2007թ. հունվարի 27-ին՝ Հրանտ Դինքի սպանությունից մեկ շաբաթ անց, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Հուսեյին Յավուզդեմիրն ազատվել է Տրապիզոնի նահանգապետի պաշտոնից: Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ Տրապիզոնի ժանդարմերիան և ոստիկանությունը սպանությունից ամիսներ առաջ տեղյակ էին, որ լրագրողի կյանքին վտանգ է սպառնում:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: 5 տարի ընթացող դատավարությունից հետո հրապարակվեց դատավճիռը, որի համաձայն` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ավելի վաղ դատապարտվել էր 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար։ 2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը, և այժմ ընթանում է գործի վերաքննությունը:

Մեկնաբանել