Երևանն ու Ստավրոպոլը` քույր-քաղաքներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինին:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում Տարոն Մարգարյանը և Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև: Ըստ այդմ` համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում` տեղական ինքակառավարման, փորձի փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:

«Վստահ եմ, որ ստորագրված եղբայրացման մասին համաձայնագիրը, որով Երևանը և Ստավրոպոլը հռչակվեցին քույր-քաղաքներ, արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի»,- ասել է Երևանի քաղաքապետը:

«Եղբայրացման համաձայնագիրն առավել քան պարտավորեցնող է և ես վստահ եմ, որ առաջիկայում արդեն երկու քաղաքների միջև համագործակցությունը գործնական փուլ կթևակոխի»,- իր հերթին ասել է Գեորգի Կոլյագինը:

Մեկնաբանել