Հայաստան-Բուլղարիա` 2:1

Աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական փուլի նախավերջին փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումն ավարտվել է Հայաստանի հաղթանակով` 2:1:

Խաղի հենց սկզբնամասում վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որին փոխարինման է դուրս եկել Վալերի Ալեքսանյանը:

Խաղի առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը 36-րդ րոպն է եղել, երբ ռուսական «Կուբանի» բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը մեն-մենակ դուրս է եկել Ռոման Բերեզովսկու դեմ, բայց չի կարողացել գրավել դարպասը: 44-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել բուլղարացի պաշտպան Նիկոլայ Բոդուրովը` խախտում թույլ տալով Արազ Օզբիլիսի նկատմամբ: Օզբիլիսը, իրացնելով տուգանային հարվածը, բացել է հաշիվը` խփելով առաջին խաղակեսի միակ գնդակը:

Երկրորդ խաղակեսին` 54-րդ րոպեին Արազ Օզբիլիսը վնասվածքի պատճառով լքել է դաշտը: Նրանք փոխարինել է Մարկոս Պիզելին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսպիսով երկրորդ հարկադրված փոփոխությունն է կատարել:

Հանդիպման 60-րդ րոպեին Բուլղարիայի հավաքականի ավագ Իվելին Պոպովը տուգանային հարվածից հետո հավասարեցրել է հաշիվը` 1:1:

Բուլղարացի Էմիլ Գարգորովը, խաղի 63-րդ րոպեին Մխիթարյանի նկատմամբ խախտելով կանոնները, ստացել է երկրորդ դեղին քարտը և հարկադրված եղել լքել դաշտը: Այսպիսով` բուլղարացիները դաշտում մնացել են 9 հոգով: Յուրա Մովսիսյանը 79-րդ րոպեին բավական լավ դիրքում է հայտնվել, սակայն սուր անկյան տակ նրա հարվածը շեղ է ստացվել: Մովսիսյանին, ի վերջո, հաջողվել է գոլ խփել` այն էլ հաղթական. 87-րդ րոպեին նա գրավել է Միխայլովի դարպասը: Ավելացված 3 րոպեների ընթացքում Մովսիսյանը դեղին քարտ է ստացել, իսկ Արթուր Սարկիսովին փոխարինման է դուրս եկել Դավիթ Մանոյանը: Այսպիսով` Հայաստանը հաղթանակ է տանում` 2:1:

Ազգային հավաքականների մեկնարկային կազմը հետևյալն էր.

Հայաստանի հավաքական` Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով, Յուրա Մովսիսյան: Բուլղարիայի հավաքական` Վլադիսլավ Ստոյանով, Իվան Իվանով, Սվետոսլավ Դյակով, Պետեր Զանև, Նիկոլայ Բոդուրով, Յորդան Մինև,Վլադիմիր Գաջև,Գեորգի Միլանով, Ստանիսլավ Մանոլև, Էմիլ Գարգարով, Իվելին Պոպով:

Մեկնաբանել