Դոլար, եվրո, թե ազգային արժույթ. տարածաշրջանային նախասիրություններ

Հարավային Կովկասում ավանդատուների մեծ մասը նախընտրում է բանկային ավանդները պահել դոլարով և եվրոյով, մինչդեռ նրանց հարևանները (Ռուսաստանում ավանդատուների 82%-ը և Թուրքիայում՝ 65%-ը) գումարը տնտեսում են իրենց ազգային արժույթով, գրում է վրացական անգլալեզու FINANCIAL թերթը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Թուրքիայի բնակչությունը մոտ 75 մլն է, իսկ ավանդատուների (ֆիզիկական անձինք) ընդհանուր թիվը 2013թ․ հուլիսի դրությամբ 51 մլն է։

«Թուրքիայի քաղաքացիները նախընտրում են իրենց խնայողությունները հիմնականում պահել տեղական արժույթով։ 2013թ․ սեպտեմբերի դրությամբ՝ ընդհանուր ավանդների մոտ 65%-ը տեղական արժույթով է, այն դեպքում, երբ ընդհանուրի 18%-ը և 15%-ը պահվում է դոլարով և եվրոյով՝ համապատասխանաբար»,- FINANCIAL-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի Կենտրոնական բանկի արարողակարգի բաժնի պետ Յուսել Յազարը։

«Տնային տնտեսությունների համար հիմնական գործոնները, որ խնայողական ավանդների հարցում ազդում են արժույթի նախապատվության վրա, իրական տոկոսադրույքն ու փոխարժեքի ակնկալիքներն են։ Կորպորացիաների համար, մյուս կողմից, եկամուտների ընդհանուր ծավալում արտահանման մասնաբաժինը և ծախսերի կառուցվածքը՝ ըստ արժույթների, նույնպես կարևոր գործոն են ներդրումային որոշումներում»,- ասել է Յազարը։

«Ռուսներն իրենց խնայողությունների 70%-ը պահում են որպես բանկային ավանդ։ Ռուս ավանդատուների համար նախընտրելի արժույթը ազգայինն է․ ավանդատուների 82%-ը գումարը խնայում է ռուբլիով։ Ավանդների տոկոսադրույքն ու շուկաներում տիրող իրավիճակը հիմնական գործոններն են, որ ռուսներին ստիպում են ընտրություն կատարել՝ հօգուտ գումարն ազգային արժույթով խնայելու»,- ասում է ՎՏԲ 24 բանկում ավանդների և միջնորդական ծառայությունների բաժնի ղեկավար Աշոտ Սիմոնյանը։

Ադրբեջանում 2013թ․ հուլիսի վերջի դրությամբ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 77,712․3 մլն մանաթ։ Այստեղից ցպահանջ և ժամկետային ավանդները ազգային արժույթով կազմել են 38,710.4 մլն մանաթ, օտարերկրյա արժույթով՝ 39,001.9 մլն մանաթ։

Համաձայն Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ 2012թ․ նույն ժամանակահատվածի համար ազգային և օտարերկրյա արժույթներով ավանդների ծավալը կազմել է 67,712.2 մլն մանաթ։ Մանաթով ժամկետային ավանդները կազմել են 12,326.1 մլն։ Օտարերկրյա արժույթով ընդհանուր կազմել են 25,059.0 մլն մանաթ։

2013թ․ հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում բնակիչների ավանդների գումարն ավելացել է մինչև 192 մլրդ դրամ (22,8%)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերազանցելով սանդղակը մինչև 1,0 մլրդ դրամ։

Օտարերկրյա արժույթով խնայողություններն ավելացել են 12,1%-ով՝ համեմատ ազգային արժույթով խնայողությունների։ Սա հանգեցրել է որոշակի բարելավման դրամով կամ օտարերկրյա արժույթով ավանդների միջև հարաբերակցությունում։ Մեկ տարի առաջ հարաբերակցությունը 2,38 էր՝ հօգուտ արտարժութային խնայողությունների, սակայն այժմ այն նվազել է մինչև 2,17։

Մեկ տարվա ընթացքում օտարերկրյա և ազգային արժույթով ավանդների ծավալն աճել է 35,5 մլրդ դրամով։ 2013թ․ հուլիսի վերջին այն հասել է 265,3 մլրդ դրամի։ Տարեկան կտրվածքով ազգային արժույթով ավանդներն աճել են 60,5 մլրդ դրամով, արտարժույթովը՝ 96,0 մլրդ դրամով։

Օտարերկրյա արժույթը դեռևս գերիշխող է վրացի ավանդատուների շրջանում։ 2013թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ արտարժույթով ավանդները կազմել են 5,677,166 հազ․ լարի։ Այստեղից ցպահանջ ավանդները կազմել են 2,337,412 հազ․ լարի, ժամկետային ավանդները՝ 3,339,754 հազ․ լարի։ 2012թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ ծավալը կազմել է 5,269,633 հազ․ լարի։

2013թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ ազգային արժույթվ ավանդները կազմել են 3,713,008 լարի, 2012թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 3,081,083 հազ․ լարի։

Հարևան բոլոր հինգ երկրներն առաջարկում են ավանդների գրեթե հավասար տոկոսադրույքներ՝ ընդհանուր ավելի քան 9%։

Ավանդների ամենաբարձր տոկոսադրույքներն առաջարկվում են Հայաստանի առևտրային բանկերում՝ ազգային արժույթի համար։

Ժամկետային ավանդների համար տարեկան տոկոսադրույքը մեկ տարվա համար ավելի քան 10% է, իսկ դոլարի դեպքում այն տատանվում է 7-8%-ի միջակայքում, եվրոյի դեպքում նույնիսկ ավելի ցածր է։ Հուլիսին հայկական դրամը դոլարի նկատմամբ թուլացավ 0,5%-ով։ Ռուսական թոփ 10 բանկերի կողմից 8,82% առաջարկով՝ Վրաստանի հյուսիսային հարևանը առաջատարի դիրքում է։ Ադրբեջանցի ավանդատուները ստանում են միջինը 8,7%, վրացիները՝ 8,5%, թուրքերը՝ 8,08%, հայերը՝ 8%։

Ռուսաստանը, որը ամենաշատ թվով բանկեր ունեցող երկրների շարքում է ԱՄՆ-ից ու Գերմանիայից հետո, ներկայում ունի 885 առևտրային բանկ (2013թ․ օգոստոսի 1-ի դրությամբ)։ 3,3 մլն բնակչություն ունեցող Հայաստանն ունի ավելի շատ բանկ, քան 4,5 մլն բնակչություն ունեցող Վրաստանը։

Վրաստանում 19 առևտրային բանկ է գործում։ 2013թ․ վերջի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ՝ համաձայն armbanks.am-ի։ Համաձայն Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ 43 բանկ ունի այս երկրում գործելու արտոնագիր։

«2013թ․ հոկտեմբերի դրությամբ Թուրքիյաի բանկային հատվածում գործում է ընդհանուր 49 բանկ։ Դրանցից 13-ը ներդրումային բանկեր են (4-ը՝ պետական, 6-ը՝ տեղական-մասնավոր, 3-ը՝ օտարերկրյա), 4-ը բաժնեմասնակցային բանկեր են (բոլորը՝ մասնավոր), 24-ը առևտրային բակներ են (3-ը՝ պետական, 11-ը՝ տեղական-մասնավոր, 10-ը՝ օտարերկրյա) և 6-ը օտարերկրյա բանկեր են, որոնք գործում են գրասենյակների միջոցով՝ առանձին բանկերի փոխարեն»,- ասում է Յազարը։

Նրա խոսքով՝ բանկերի ընդհանուր թիվը կհասնի 50-ի, երբ սկսի գործել Tokyo Mitsubishi բանկը։

Թուրքիայում 2013թ․ սեպտեմբերի դրությամբ ավանդների ընդհանուր ծավալը 875 մլրդ լիրա ($430 մլրդ) է։ Այստեղից 38,3 մլրդ-ը միջբանկային ավանդների ծավալն է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ավանդների ընդհանուր ծավալը 1,171.6 մլրդ ռուբլի է։

Թարգմանությունը՝ Սյուզաննա Հովհաննիսյանի

Հոդվածի բնօրինակը՝ այստեղ:

Photo: wikimedia.org

Մեկնաբանել