Ռայմոնդ Պաուլսը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում կազմակերպված գալա համերգին հանդես գալու համար, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երևանցիների կողմից:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի 2795-ամյակի կապակցությամբ, հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի, երաժշտության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Հայտնի երգահանը անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար: Ռայմոնդ Պաուլսը նաև հավելել է, որ մեծ սիրով է մասնակցել Երևանի օրվան նվիրված տոնակատարությանն ու իսկապես հիացած է տոնախմբության վերածված տոնական միջոցառումներով:

Մեկնաբանել