Ադրբեջանական ԱԳՆ-ն` ԱՄՆ-ում իր դեսպանի անհեթեթ հարցազրույցի մասին

«Օտարերկրյա դեսպանները կարող են ելույթ ունենալ ցանկացած լրատվամիջոցներում, ոչ անպայմանորեն նրանցում, որոնք ներկայացնում են հյուրընկալող երկիրը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը` մեկնաբանելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ կապված միջադեպը, որը Սպիտակ տան քննադատությանը պատասխանելու համար ընտրել էր «Ռուսաստանի ձայնը» մոռացված ռադիոկայանը:

Haqqin.az-ի հաղորդմամբ` հենց այս ստուդիայում է Սուլեյմանովը պատասխանել ԱՄՆ Պետդեպի և ԵԱՀԿ-ի` Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների հետ կապված քննադատությանը:

Էլման Աբդուլլաևի խոսքով` ԱՄՆ-ում հավատարմագրված են տարբեր երկրների լրատվամիջոցներ, և Ադրբեջանի դեսպանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

«Բնականաբար, երբ դիվանագետներին լրագրողներ են դիմում հարցերով, նրանք իրավասու են պատասխանել այդ հարցերին`տարբերություն չդնելով, թե որ երկիրն են ներկայացնում: Ամենակարևորը` ցանկացած օտարերկրյա դեսպան պետք է և պարտավոր է նախևառաջ պաշտպանել իր երկրի շահերը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Պետդեպի քննադատությանը պատասխանել է միայն ռուսական ռադիոկայանի միջոցով:


Մեկնաբանել