Ամփոփվել են հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները, հաղորդում են ծառայության մամուլի բաժնից:

Այն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ատեստավորվել են գլխավոր և առաջատար խմբերի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողները:

Գլխավոր խմբի ատեստավորման հանձնաժողովի նախագահ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հանձնարարել է, որ այսուհետ ատեստավորվողները ոչ միայն հանդես գան օրենսդրական բարեփոխումների և աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների վերաբերյալ առաջարկություններով, այլև հիմնավորեն վերջիններիս կիրառելության արդյունավետությունը:

«Մեր որդեգրած քաղաքականությունը հետևյալն է՝ բացի գիտելիքներից, կարողություններից ու լիարժեք ունակություններից՝ յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է իրեն զգա ծառայությունում իրականացվող բարեփոխումների անմիջական կրողը՝ ի նպաստ համակարգի զարգացման»,- ասել է գլխավոր հարկադիր կատարողը:

Հինգ հարկադիր կատարող չի համապատասխանել ատեստավորման պահանջվող չափանիշներին, ինչի արդյունքում ենթակա է կրկնակի ատեստավորման նոր վերապատրաստում անցնելուց հետո:

Մեկնաբանել