ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին հանդիպել են Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի հետ. այս մասին ՍիվիլՆեթին տեղակացրեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Հանդիպմանը մեր գործընկերները Ինջիղուլյանին հանձնել են ընտանիքի կողմից փոխանցված նամակը, այնուհետև, համապատասխանաբար, ռազմագերու նամակը հոկտեմբերի 15-ին փոխանցել ենք նրա ընտանիքի անդամներին»,- ասաց Ամատունին:

Ինչ վերաբերում է Ինջուղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրերին, ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության մամուլի պատասխանատուն նշեց, որ իրենք այս կապակցությամբ չեն կարող որևէ մեկնաբանություն տրամադրել, քանի որ դա «ԿԽՄԿ-ի իրավասություններից դուրս է»:

«Մեր հանդիպման ընթացքում քննարկված թեմաները հարազատների հետ սովորաբար ենթակա չեն լինում հանրայնացման, դա ընտանիքի ազատությունն է դրա մասին խոսել և մեկնաբանել»,- նկատեց Ամատունին:

Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում՝ ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք:

Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին երկար բանակցություններից հետո հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանին` օգոստոսի 20-ին: Իսկ օգոստոսի 21-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ եթե Ինջիղուլյանը ցանկանա, ապա կարող է վերադառնալ Հայաստան: ԿԽՄԿ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գերու հետ տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին:

Մեկնաբանել