Forbes-ը գալիս է Հայաստան

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրն առաջիկայում կհրատարակվի նաև Հայաստանում: Forbes Հայաստան ամսագրի կոորդինատորի տարածած հաղորդագրության համաձայն` հանդեսը Հայաստանում ներկայացնում են «Մեդիա փարթներս» ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում, և www.forbes.am բիզնես պորտալը:

Forbes Հայաստանը կթողարկի նաև Forbes Life ամսագիրը և հատուկ համարներ, ինչպես նաև, Forbes-ի կանոնների համաձայն, հանդես կգա բիզնես կոնֆերանսների կազմակերպման նախաձեռնությամբ:

Ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը Գագիկ Եղիազարյանն է, որը նաև Cosmopolitan Armenia-ի հրատարակիչն է: Շուշան Հարությունյանը www.forbes.am պորտալի գլխավոր խմբագիրն է: Forbes Հայաստանը հույս ունի նպաստել պրոֆեսիոնալ և էթիկական մեդիա չափանիշների ստեղծմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ գործարար միջավայրի զարգացմանն անհրաժեշտ որակյալ ինֆորմացիայի տրամադրմանը:

Ամսագիրը թողարկվում է 1917-ից և տարածվում ավելի քան 55 երկրում: Ստանալով այն թողարկելու լիցենզիա՝ Forbes Հայաստանը դարձել է 27-րդ միջազգային հրատարակությունը:

Forbes-ը գրում է ձեռներեցության, ֆինանսների և ներդրումների, տեխնոլոգիաների, առաջնորդության և այլ թեմաներով՝ ներկայացնելով մարդկանց, ովքեր փոխում են աշխարհը: Forbes-ն անցկացնում է լրագրողական հետաքննություններ, ինչպես նաև հրապարակում աշխարհի միլիարդատերերի, ամենաազդեցիկների և հայտնիների վարկանշային աղյուսակները:

Ամերիկյան այս հանդեսը բիզնես միջավայրում ունի ամենամեծ լսարանը և համարվում է ամենաազդեցիկ մեդիա բրենդը՝ իր հետևում թողնելով Fortune, Bloomberg Businessweek և The Economist ամսագրերը (աղբյուրը՝ MRI, Mediamarket Resreach Incorporation, 2013): Ըստ պաշտոնական տվյալների՝ Forbes-ի ընթերցողները 26-45 տարեկան տնտեսապես ակտիվ անհատներ են, սովորաբար՝ ընկերության տնօրեններ, կառավարիչներ և միջին օղակի ղեկավարներ ու գործարարներ: Ամսագրի լսարանի 61%-ը տղամարդիկ են, 39%-ը՝ կանայք: