Թուրքիան կրկին հերքում է Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման մասին տեղեկությունը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հերքել է Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման մասին տեղեկությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով՝ թուրք-սիրիական սահմանին պատնեշ է կառուցվում սահմանի ականապատված տարածքներ Թուրքիայի քաղաքացիների անցումը կանխելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի զինվորականությունը Սիրիային սահմանակից Նուսայբին շրջանում սկսել է պատ կառուցել սահմանային ապօրինի հատումներն ու մաքսանենգությունը կանխելու համար:

Այս տեղեկությունը ավելի վաղ հերքել էր նաև Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, որի խոսքով՝ պատի կառուցման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային անվտանգությունն ուժեղացնելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում:

Մինչդեռ, ինչպես գրել է Today’s Zaman-ը, Նուսայբինի բնակիչները պատմել են, որ զինվորները սահմանի մոտ փորման աշխատանքներ են տանում, իսկ Նուսայբինի քաղաքապետ Այշե Գյոքքանը տեղեկացրել է, որ պատը լինելու է 1 կմ երկարության և 2,5 մետր բարձրության՝ փշալարերով պատված:

Արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման և կանխարգելման թուրքական վարչության ղեկավար Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում ապրող սիրիացի փախստականների թիվը հասել է 300 հազ-ի: Օքթայի խոսքով՝ ավելի քան 181 հազ. մարդ բնակվում է ճամբարներում, որոնք սիրիացի փախստականների համար ստեղծել է թուրքական կառավարությունը: Ավելին՝ մոտ 100 հազ. փախստական հաստատվել է Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, որտեղ ապրում են ճամբարներից դուրս:

Մեկնաբանել