Կառավարությունը չի կարողանում ավարտել էներգետիկ նախագծերը

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոմայրուղու հարևանությամբ, 400 կՎ Հայաստան-Իրան երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի շինարարության մեկնարկի արարողությանը, 14-ը հոկտեմբերի, 2010թ.։

Գործադիրը շարունակում է տապալել տարածաշրջանային նշանակություն ունեցող էներգետիկ նախագծերը։ Դեռ 2011թ. կառավարությունը 2012թ. պետբյուջեի ուղերձում նշել էր, որ 2012-ին կմեկնարկեն Հայաստան-Վրաստան 400կՎ լարման օդային գծի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Նույն աշխատանքները գործադիրը ծրագրում է սկսել նաև հաջորդ տարի. 2014թ. պետբյուջեի նախագծի ուղերձում կառավարությունը նշել է, որ 2014թ. կմեկնարկի Հայաստան-Վրաստան 4000 կՎ լարման հաստատուն հոսանքի ներդիրով էլեկտրահաղորդման օդային գծի ծրագիրը։

Հայ-վրացական էլեկտրահաղորդման օդային գիծը, ըստ նախկին հայտարարությունների, արդեն պետք է ավարտված լիներ։ Մասնավորապես՝ 2008թ. դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի Վրաստան այցի ժամանակ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձրավոլտ գծի շինարարությունը մինչև 2009թ. վերջն ավարտելու համար։

Մյուս «ավարտած» նախագիծը, որը կառավարությունը շարունակելու է իրականացնել 2014-ին, Հայաստան-Իրան 400 կՎ լարման նոր էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումն է։ Այդ օդային գիծն արդեն վաղուց պետք է ավարտված լիներ, քանի որ դեռ 2010թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոմայրուղու հարևանությամբ, մեծ շուքով տվել էին 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման այս գծի շինարարության մեկնարկը։

Նշվում էր, որ «Իրան-Հայաստան» և «Նորավան» ենթակայանի շինարարության արժեքը կկազմի €107,9 մլն, ֆինանսավորումն իրականացնելու է իրանական «Զարգացման, արտահանման բանկը», աշխատանքները կտևեն 18 ամիս։ Փաստացի այս օդային գիծը պետք է արդեն շահագործման հանձնված լիներ անցած տարի։

Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը Հայաստանի համար էներգետիկ լուրջ նշանակություն ունի, քանի որ կավելացնի Հայաստանի և հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորությունը։

Օրինակ, 400 կՎ երրորդ երկշղթա Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը հնարավորություն կտա «գազ-էլեկտրաէներգիա» հայ-իրանական սխեմայում (1 խմ գազի դիմաց իրանական կողմին առաքվում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա) ներառել նաև Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկը։ 2004թ. ստորագրված հայ-իրանական պայմանագրով՝ Իրանը Հայաստանին պետք է տարեկան մատակարարեր մինչև 1,1 մլրդ խմ գազ, իսկ 2014-ից այդ ծավալը պետք է կազմի մինչև 2,3 մլրդ խմ: Իրականում 2012թ. Իրանից ներմուծվել է ընդամենը 488 մլն խմ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 217 մլն խմ գազ՝ 2012թ. նույն ժամանակահատվածի 239 մլն խմ-ի դիմաց։

Գազամուղի թողունակության ոչ ամբողջական ծավալի օգտագործումը պայմանավորված է նրանով, որ գազ-էլեկտրաէներգիա սխեմայում ներառված է միայն Երևանի ջէկը, որի շոգեգազային ցիկլով աշխատող նոր էներգաբլոկի հզորությունը 271,7 ՄՎտ է։ Այստեղ հնարավոր է տարեկան արտադրել շուրջ 1,5 մլրդ Կվտ/ժ և սպառել շուրջ 300 մլն խմ իրանական գազ։

Մեկնաբանել