Տեղի է ունեցել Հաղարծին վանական համալիրի բացման արարողությունը

Հոկտեմբերի 19-ին` Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` տեղի է ունեցել Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը, հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից:

Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ:

Բացման արարողությանը ներկա են գտնվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ՄԱԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Շարժայի հայ համայնքի անդամներ և հյուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված վանքի բացման և օրհնության արարողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիկոպոս Պետրոսյանը: Սրբազանն իր ուրախությունն է արտահայտել շնորհիվ Շեյխ Քասիմիի վանքի հիմնանորոգության և բարեկարգման առիթով` ընդգծելով, որ այն սիրելի ուխտավայր է ինչպես հայորդիների, այնպես և Հայաստան այցելող օտարների համար: Եզնիկ Սրբազանը նաև անդրադարձել է վանքերի կարևոր պատմական դերակատարությանը` ընդգծելով, որ բարենորոգված Հաղարծինն այսուհետ լիարժեք գործելով կվերագտնի իր հիմնական առաքելությունը` դառնալով միջկրոնական երկխոսության գործնական վկայությունը:

Այնուհետև իր սրտի խոսքն ասաց տիար Համիդ Դիյա Ջաֆարը: Շնորհավորելով վանքի վերաբացման առիթով` տիար Ջաֆարը ամենքին փոխանցեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ափսոսանքը, որ չի կարողացել անձնապես ներկա գտնվել այս հատկանշական և մեծ իրադարձությանը:

Իր խոսքում Շեյխ Քասիմիի նվիրակն ընդգծել է, որ Շեյխ Սուլթանը մեծ ակնածանք է տածում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ և բարձր է գնահատում նրա գործունեությունը` նշելով, որ Վեհափառ Հայրապետը և Շարժայի կառավարիչն ունեն միևնույն տեսլականը մի շարք կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդկության խաղաղ և անվրդով կյանքի հենասյուներ հանդիսացող շարունակական միջկրոնական երկխոսությունը, այլ կրոնների և մշակույթների հանդեպ հանդուրժողականությունը, փոխադարձ հանգանքն ու սերը:

Ապա վանքի բացման առիթով ներկաներին շնորհավորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր խոսքում ԱԺ նախագահն անդրադարձել է մասնավորապես հայ-արաբական դարավոր բարեկամությանը և ներկայիս համագործակցությանը Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև: Այնուհետև տիար Աբրահամյանը տեղեկացրել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամադ Ալ Քասիմիին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով: Իսկ Շարժայի կառավարչի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարին տիար Աբրահամյանը հանձնել է «Անանիա Շիրակացի» մեդալ` տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում կարևոր ներդրման համար:

Վերջում ներկաներին օրհնության խոսք ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունն է բերել նաև վանական համալիրի նորոգությանը նպաստ բերած «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նորոգության գործում մեծ ջանքեր ներդրած հայորդիներին` տիար Վարուժան Ներգիզյանին և Հրայր Սողոմոնյանին, ինչպես նաև` վերականգնող ճարտարապետներին ու շինարարներին:

Իր խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը հրավիրել է ներկաներին հայ և արաբ ժողովուրդների բարեկամության գեղեցիկ նոր վկայություն մատուցող Հաղարծնի վանական համալիրից միասնական աղոթք բարձրացնել երկինք` հայցելով, որ Ամենակալն Աստված հաստատուն պահի մեր երկրների ու ժողովուրդների եղբայրությունը, ամրապնդի խաղաղությունն ու համերաշխությունը աշխարհում, համայն մարդկության կյանքում:

Արարողության ավարտից հետո ներկաները շրջայց են կատարել վանական համալիրում:

Մեկնաբանել