Կանաչ լույս՝ ԵՄ-Թուրքիա բանակցություններում

Եվրամիության Խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի հետ բանակցությունների 22-րդ՝ տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող գլխի բացմանը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Ըստ պաշտոնական հայտարարության՝ ԵՄ-Թուրքիա հաջորդ համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ողջունում է նախաձեռնությունն ու առաջիկա համաժողովի սահմանված ժամկետը՝ հավելելով, որ Թուրքիայում վերջին զարգացումներն ընդգծում են ԵՄ ներգրավվածության կարևորությունը:

«Թուրքիայում վերջին իրադարձությունները վկայում են ԵՄ ներգրավվածության կարևորության և կառույցի՝ Թուրքիայում բարեփոխումների չափանիշ հանդիսանալու մասին: Այս նպատակով պետք է խթանել անդամակցության բանակցությունները՝ հարգելով ԵՄ պարտավորություններն ու սահմանված պայմանները», – ասել է Ֆյուլեն:

ԵՄ հանձնակատարը որոշումը որակել է «կարևոր քայլ»՝ հայտարարելով, որ վերջերս հրապարակված ԵՄ Առաջընթացի զեկույցը «ճիշտ ժամանակին արված ներդրում էր գործընթացում», ինչն էլ բերեց բանակցությունների հերթական գլխի բացմանը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում լուր էր շրջանառվում, թե Գերմանիան «կանաչ լույս» է վառել բանակցությունների գլխի բացման համար՝ մեղմացնելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում իր կոշտ դիրքորոշումը:

Դեռ 2013թ. հունիսին ԵՄ-ն բանակցությունների նոր գլխի բացման վերաբերյալ որոշում էր ընդունել, սակայն հետաձգել էր գործընթացը Թուրքիայում մայիսի վերջին-հունիսի սկզբին տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառով:

Մեկնաբանել