Սախարովի մրցանակը հասցեատիրոջը հասավ 23 տարի անց

Մյանմարի ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիին հոկտեմբերի 22-ին հանձնվել է Եվրամիության` Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակը` դրա շնորհումից ավելի քան 20 տարի անց: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

1990թ., երբ Աուն Սան Սու Չժին դարձել էր Սախարովի անվան մրցանակի դափնեկիր, Մյանմարում տնային կալանքի տակ էր:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Աուն Սան Սու Չժիին անվանել է ազատության և ժողովրդավարության մեծ խորհրդանիշ:

Մյանմարի ընդդիմության առաջնորդը Եվրամիությանը կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը` նպաստելու Մյանմարում իրական ժողովրդավարության տարածմանը: Աուն Սան Սու Չժիի խոսքով` մակերեսային փոփոխությունները երկրում բավարար չեն:

Սախարովի անվան մրցանակը շնորհվում է 1988-ից՝ մարդկանց ու կազմակերպությունների, որոնք հատուկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նրա դափնեկիրները ստանում են €50 հազ-ի դրամական պարգև։

Այս տարի այն շնորհվել է պակիստանցի 16-ամյա դպրոցական և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային, որի վրա 2012թ․հոկտեմբերին տալիբները հարձակում էին գործել և ծանր վիրավորել:

Մեկնաբանել