Սիրիայի զգալի մասը հոսանքազրկվել է գազատարի պայթյունի հետևանքով

Սիրիայի տարածքի զգալի մասը ընկղմվել է խավարի մեջ այն բանից հետո, երբ մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Euronews-ը: Սիրիայի մայրաքաղաքի բնակիչները տեղեկացնում են, որ ամբողջ քաղաքը հոսանքազրկված է:

Սիրիայի իշխանությունները տեղի ունեցածում մեղադրել են ապստամբներին և հայտարարել են, որ հրետակոծության հետևանքով վնասվել է երկրի հարավը էլեկտրականությամբ սնուցող գազատարը:

Սիրիայի էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Հավանաբար` խնդիրը կլուծվի երկու օրվա ընթացքում:

Համաձայն բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության` ապստամբների հրետակոծության թիրախը եղել է Դամասկոսի օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Ղասուլա քաղաքը:

Կազմակերպությունը չի բացառում , որ դա եղել է լայնամասշտաբ և մանրամասն ծրագրված գործողություն:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Հակամարտության սկզբից ի վեր Սիրիայի տարբեր հատվածներում էլեկտրականության անջատումները միանգամայն սովորական են դարձել:

Մեկնաբանել