Ճանապարհ կառուցելու դեմ բողոքը բնապահպանություն չէ. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի հարակից տարածքում ճանապարհ կառուցելու որոշումը քննադատողներին անվանել է «եսասեր և ֆաշիստ»՝ նշելով, որ ոչ ոք չի կարող իր կառավարության հետ մրցել բնապահպանական զգայունության հարցում:

«Չափազանց անարդար կլիներ մեզ բնութագրել որպես բնության և բնապահպանության թշնամի… Մեզ քննադատողներն այդպես են վարվում ոչ բնապահպանական առումով զգայուն լինելուց դրդված: Բոլորս էլ տեսնում ենք, որ նրանք այլ նպատակներ ե հետապնդում», – Hurriyet-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 24-ին ասել է Էրդողանը:

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի որոշումը Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի տարածքում հատել 3 հազ. ծառ և տեղում ճանապարհ կառուցել հանգեցրել է բողոքի մեծ ալիքի: Հոկտեմբերի 21-ին Անկարայում բախումներ են տեղի ունեցել համալսարանականների և ծառերը հատողների միջև:

«Ասելով՝ «ես դա չեմ ուզում, դուք չեք կարող դա անել», ոչ թե ժողովրդավարական կամ լիբերալ, այլ ֆաշիստական և եսասեր մոտեցում է», – ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող իրենց հետ մրցել բնապահպանական հարցերում. վերջին քսան տարում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածությունները կրկնապատկվել են, չնայած Անկարայի բնակչությունը նույնպես կրկնակի աճել է այդ ժամականահատվածում:

Սա Էրդողանի՝ բնապահպաններին հասցեագրված առաջին քննադատական հայտարարությունը չէ: Ավելի վաղ իր ելույթներից մեկում Թուրքիայի վարչապետն ասել էր, որ ճանապարհաշինարարության համար կառավարությունը պատրաստ է «անգամ մզկիթ քանդել»:

Մեկնաբանել