Խստացումներ պետգնումների ոլորտում

Ֆինանսների նախարարությունը խստացնում է պետական գնումների ընթացակարգը, ներկայացվող պահանջները, սակայն պետական կառույցները կասկածելի գնումներ են կատարում: Ազգային անվտանգության խորհուրդը բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունից 2013թ. ամռանը ձեռք է բերել ֆիքսված հեռախոսակապի ծառայություն:

Պետական գնումների ոլորտում ֆինանսների նախարարությունը ընթացակարգերի, պայմանների խստացումներ և հստակեցումներ է իրականացրել։ Հոկտեմբերի 25-ին հրավիրած ասուլիսին ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանն ասաց, որ մասնավորապես իրականացվել է մրցույթներում հաղթած մասնակցի մասնագիտական փորձառության չափանիշի խստացում: Այսպես, եթե նախկինում 350 մլն-ից մինչև 1 մլրդ դրամ գնման առարկայի դեպքում նախկինում պահանջվում էր մեկ պայմանագիր առ այն, որ կազմակերպությունը կատարել է իր գնային առաջարկի 20%-ի աշխատանքներ. ներկայում այս շեմը բարձրացվել է մինչև 30%։

Ըստ փոխնախարարի` խստացվել է պայմանագրի կատարումից հրաժարվելու տուժանքը. հրաժարվելու դեպքում մրցույթի հաղթողը վճարում է տուժանք` պայմանագրի 2%-ի չափով։ «Նախկինում պայմանագրի կատարումից հրաժարվելու համար տուժանքը սահմանված էր 1 մլն դրամ, և հաճախ ընկերությունը հրաժարվում էր` դրանով իսկ իր տեղը զիջելով հաջորդ ընկերությանը, որն ավելի բարձր գին էր առաջարկում և տեղի էր ունենում գնման առարկայի արհեստական թանկացում»,- ասաց Հունանյանը:

Պետական գնումների ոլորտում ներդրվել է համապարփակ և ստանդարտացված միասնական ապրանքների և ծառայությունների կոդավորման համակարգ` գնումների բոլոր մասնակիցների համար, ինչը զգալիորեն հեշտացնում է վերլուծական և վիճակագրական աշխատանքների իրականացումը։

Փոխնախարարն ասաց, որ 350 անվանում ապրանքների գծով սահմանվել են հստակ բնութագրեր և առավելագույն գներ, ինչը նշանակում է, որ արգելվում է սահմանված բնութագրերից տարբերվող բնութագրերով ապրանքների ձեռքբերումը և առավելագույն գներից բարձր գնով ապրանքների ձեռքբերումը։

Սիվիլնեթի հարցին, թե ինչպես է ստացվել, որ գնումների ոլորտում խստացումների պայմաններում, Ազգային անվտանգության խորհուրդը, ըստ e-gov.am կայքում զետեղված տեղեկատվության, 2013թ. օգոստոսին մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորից ձեռք է բերել 151,3 հազ. դրամի ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ` մուտք և օգտագործում:

Ասուլիսին ներկա ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչություն պետ Մակար Ղամբարյանն ասաց, որ նախարարությանն այդ դեպքը ծանոթ չէ, բայց դա չի նշանակում, որ այդ գնման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ «Հնարավոր է, որ այդ դեպքը դուրս մնացած լինի նախարարության կողմից ընտրանքով իրականացվող ուսումնասիրությունից։ Մինչև 1 մլն դրամ գնումները կարող են իրականացվել մեկ անձից։ Այդ դեպքը պետք է ուսումնասիրվի գնման առարկայի մասով»,- ասաց Ղամբարյանը։

Մեկնաբանել