Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ

Դամասկոսի արվարձանում՝ մզկիթի մոտակայքում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը:
Կառավարությունն ու ապստամբները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում ուրբաթօրյա աղոթքի ավարտից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ:
Պետական լրատվական գործակալությունը պնդում է, որ պայթյունը կազմակերպել էին ապստամբները, սակայն ռումբը ժամանակից շուտ է գործարկվել:
Իր հերթին ընդդիմությունը մեղադրել է նախագահ Բաշար Ասադի զորքերին մզկիթի մոտ երկու ավտոմեքենաների ականապատման մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 115 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել