Պաշտոնյաներն ու լրագրողները քննարկել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը

2014թ. հունվարի 1-ից պետք է ներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի գործարկման կարևորագույն պայմանը ֆոնդերի կառավարիչներն են, որոնք պետք է կառավարեն կուտակային ֆոնդերի միջոցները: Ծաղկաձորում հոկտեմբերի 26-27-ին լրագրողների համար կազմակերպված ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կլոր սեղան քննարկման ժամանակ պետական պաշտոնյաները նշեցին, որ մինչև նոյեմբերի կես կառավարիչները ժամանակ ունեն գրանցվելու Կենտրոնական բանկում, ինչից հետո կհրապարակվի այդ ֆոնդերի կառավարիչների` ֆինանսական կազմակերպությունների անունները: Պաշտոնյաների խոսքով` ներկայում աշխատանքներ են տարվում մի շարք ֆինանսական կազմակերպությունների հետ:

Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, Կենտրոնական բանկից, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի Կենսաթոշակային բարեփոխման ծրագրից, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամից:

Անդրադառնալով 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ներդրվող պարտադիր կենսաթոշակային համակարգին` նրանք նշեցին, որ համակարգի վրա մասնագետներն աշխատել են ութ տարի, և միայն 2010թ. ընդունվել է ամբողջ օրենսդրական փաթեթը:

Մասնագետների խոսքով` ներդրվող պարտադիր կուտակային բաղադրիչն արդեն 20 տարի է` ինչ արդյունավետ գործում է Չիլիում, Լատինական Ամերիկայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում և այլն:

Բանախոսներն անդրադարձան նաև բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ռիսկերին և ներկայացրին պետության ստեղծած երաշխիքային ինստիտուտները, որոնք երաշխավորելու են քաղաքացու գումարի վերադարձը և անվտանգությունը: Նրանք հավաստիացրին, համակարգի մասնակիցների կուտակային վճարների ամբողջ գումարի վերադարձը` ճշգրտված տարեկան գնաճով, երաշխավորված է:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում, ըստ էության, ներառված չեն գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները, քանի որ պարտադիր համակարգը տարածվում է միայն վարձու աշխատողների, նոտարների և անհատ ձեռնարկատերերի վրա: Այս կապակցությամբ ԱՄՆ ՄԶԳ Կեսաթոշակային բարեփոխման ծրագրի կենսաթոշակային հարցերով խորհրդատու Սուսաննա Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ընդգրկված չեն պարտադիր համակարգում, քանի որ նրանց եկամուտները սեզոնային են: Նրա խոսքով` գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների համար այլ երկրներում մշակվում են այլ սխեմաներ, և Հայաստանի հաջորդ քայլը հենց դա պետք է լինի: Նա հիշեցրեց, որ այդ քաղաքացիները կարող են միանալ համակարգին նաև կամավոր սկզբունքով, ինչի համար պետք է պետության կողմից համապատասխան խթաններ ստեղծվեն:

Պարտադիր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: 1974-ից շուտ ծնված քաղաքացիները ևս կարող են միանալ նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգին, սակայն կամավոր սկզբունքով: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: Գոյություն ունի կենսաթոշակային ֆոնդերի երեք տեսակ` Կայուն եկամտային, Պահպանողական և Հավասարակշռված: Վերջիններս միմյանցից տարբերվում են ռիսկայնության աստիճանով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:

Հունվարի 1-ից 250 հազ. մարդ կդառնա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառու:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել