Հավատալ, թե չհավատալ վարչապետին

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի 2014թ. պետական բյուջեի ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ մոտակա տարիներին Հայաստանում նվազագույն աշխատավարձը կլինի 70 000 դրամ:

Ընդհանրապես քաղաքական հայտարարությունները կարևոր դեր են կատարում տնտեսական և քաղաքական որոշումների կայացման համար, քանի որ նման հայտարարություններն իրենց մեջ նաև ապագային միտված մեսիջ են պարունակում: Սակայն Տիգրան Սարգսյանի քաղաքական հայտարարություններն այդ առումով Հայաստանի ներքաղաքական կյանքում մեծ արժեք չունեն՝ հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած իրադարձությունները:

Տիգրան Սարգսյանի խոսքերի հանդեպ անլուրջ վերաբերմունքի հիմքերը բազմաթիվ են, սակայն կարելի է նշել վերջին դեպքը, որը խոսում է քաղաքական հայտարարություններում անհետևողական լինելու մասին:

Դեռ 2012թ. մայիսի 16-ին վարչապետը ռուսական «Վեդոմոստի» թերթում հրապարակեց «Հայաստանը նայում է Եվրոպային» վերտառությամբ հոդվածը: Հեղինակը հոդվածում փաստարկներ էր բերում, թե ինչու Հայաստանի համար անիմաստ է Մաքսային միությանն անդամակցելը՝ աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով և հավելում. «Միևնույն ժամանակ Մաքսային միությանն անդամակցելը բովանդակային չէ, քանի որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ էլ Բելառուսի հետ»:

Հոդվածում հեղինակը նշել է, թե Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացումը ծավալուն և ծախսատար գործընթաց է, սակայն այն առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին և եզրահանգել. «Եվրոպական Միության հետ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի. զգալիորեն կավելանան արտահանումն ու ներմուծումը, կկրճատվի արտաքին առևտրի դեֆիցիտը»:

2013թ. հոկտեմբերի 28-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումում Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Եթե մենք չինտեգրվենք Մաքսային միությանը, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև»: Այնուհետև խոսել է, թե ինչու Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին և հավելել. «Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս»:

Վերը նշվածից հստակ երևում է, թե ինչպիսի շրջադարձ է կատարել վարչապետը իր դիրքորոշումներում: Նա 180 աստիճան փոխվել է: Պարզ է, որ վարչապետի խոսքերը առաջին հերթին որևիցե արժեք չունեն հենց իր համար, նա ոչ հետևողական քաղաքական գործիչ է: Որոշ ժամանակ հետո նա կարող է հայտարարել, որ 70 000 դրամ մինիմալ աշխատավարձը խնդիրներ է ստեղծում տնտեսվարող սուբյեկտների համար, և կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի մինիմալ աշխատավարձը մնա նույնը: Այդ իսկ պատճառով Տիգրան Սարգսյանի խոսքերի հանդեպ հավատը կամ դրանց հիման վրա որոշման կայացումը միամտություն է:

Մեկնաբանել