Վրաստանի ընտրությունները համապատասխանել են եվրոպական չափանիշներին. ԵԱՀԿ

Միջազգային դիտորդները հոկտեմբերի 28-ին Թբիլիսիում հրավիրված ասուլիսում գնահատեցին հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրությունները` նշելով, որ դրանք, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Ժոաո Սոարեշն ասաց, որ 2012թ. խոհրդրանական ընտրություններից հետո «սա ևս մեկ պատմական ընտրություն էր, որում հարգվել է ընտրողների ազատ արտահայտման իրավունքը, տեղի է ունեցել հանգիստ քարոզարշավ, իսկ լրատվամիջոցներն ավելի քիչ են եղել քաղաքականացված»:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Իլկա Կաներվան, իր հերթին, արձանագրեց, որ այս ընտրություններով Վրաստանը պրոգրես է արձանագրում, և հոկտեմբերի 27-ին քաղաքացիները կարողացան ազատ արտահայտել իրենց կամքը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Մատեո Մեքաչին էլ նշեց, որ Վրաստանում նախագահական ընտրությունները մրցակցային էին, թափանցիկ և դրական մթոնոլորտում են ացնել:

ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի հարցին, թե կարող ենք արդյոք առանց վերապահումների հաղորդել, որ այս ընտրություններն ազատ էին, արդար և թափանցիկ, դիտորդները պատասխանեցին, որ ընդհանուր առմամբ, կարելի է, քանի որ դրանք համապատասախանել են եվրոպական չափանիշներին:

Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին: Նա ստացել է քվեների ավելի քան 62 տոկոսը: Երկրորդ տեղում Դավիթ Բաքրաձեն է`գրեթե 22 տոկոս, երրորդում` Նինո Բուրջանաձեն` ավելի քան 10 տոկոս:

Մեկնաբանել