Twitter-ի նորաբաց Medium հարթակը հասանելի է գրանցման համար

Տեքստեր գրելու համար նախատեսված Medium հարթակը, որը ստեղծվել է Twitter-ի և Blogger-ի հիմնադիրների կողմից, արդեն հնարավորություն է տալիս գրառումներ անել ցանկացած օգտատիրոջ, հաղորդում է Verge-ը:

Medium-ում գրանցվելու համար հարկավոր չեն անձնական տվյալներ, բացառությամբ էլեկտրոնային հասցեի՝ կարելի է օգտագործել Twitter-ի անհատական էջը: Տեքստեր մուտքագրելու համար կարելի է օգտվել Chrome, Firefox և Safari բրաուզերներից: Ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատում են Medium-ի բջջային տարբերակի վրա:

Medium-ի օգնությամբ օգտատերը հնարավորություն ունի մուտքագրել վերնագիր, ենթավերնագիր, տեքստ և ներբեռնել մի քանի լուսանկար: Գրառման ցանկացած պարբերության տակ հնարավոր է թողնել մեկնաբանությունների համար նախատեսված երկտող: Medium-ի հեղինակներն են Էվան Ուիլյամսը և Բիզ Սթոունը: Այն թողարկվել է 2012-ին, սակայն մինչ օրս վերջինիս զարգացմանը մասնակցություն են ունեցել միայն նրանք, ովքեր ստացել են հատուկ հրավեր:

Ծառայությունը գործում է որպես բլոգահարթակ և լրատվամիջոց, անհայտ ալգորիթմի համաձայն հավաքագրելով հետաքրքիր տեղեկություններ: Ուիլյամսն ասել է, որ Medium-ը կդառնա մտքերի տարածման հարթակ՝ զբաղեցնելով լրատվամիջոցների (օր` The New York Times) և բաց բլոգերի (օր` The Huffington Post) միջև ընկած տարածքը:

Մեկնաբանել