Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Վստահ եմ, որ այս հաղթանակը նշանակալից գործոն կհանդիսանա եղբայրական Վրաստանի հետագա զարգացման ու նրա ժողովրդի բարգավաճման համար: Այն նաև նոր էջ կբացի մեր երկկողմ համագործակցության համար, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ավանդույթների վրա:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր հետագա գործունեության մեջ»:

Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, ձայների ավելի քան 62%-ով հաղթող է ճանաչվել «Վրացական երազանք» կուսակցությունից Գիորգի Մարգվելաշվիլին: Երկրորդ տեղում Դավիթ Բաքրաձեն է` ձայների մոտ 22%-ով, երրորդում` Նինո Բուրջանաձեն` ավելի քան 10%-ով:

Մեկնաբանել