ԵՄ-ն չի փակել իր դռները Հայաստանի առջև. Անրի Ռենո

Եվրոպական Միությունը հնարավոր բոլոր ուղղություններով կշարունակի զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ. հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` գնահատելով Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը:

«Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ինքնիշխան Հայաստանի կայացրած որոշումն է, որով հաշվի են առնվում Հայաստանի շահերը: Այն անպայման հարգանքի արժանի որոշում է, որը մենք ընդունում ենք»,- ասաց դեսպանը` հավելելով, որ միաժամանակ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով ցանկություն են հայտնել շարունակել հարաբերությունները ԵՄ-ի տարբեր ատյանների հետ այն սահմաններում, որոնք համապատասխանում են Մաքսային միությանը միանալու որոշմանը: Անրի Ռենոն ընդգծեց, որ այս երկու զուգահեռ տարրերը մշտապես պետք է մտապահել:

Հարցին, թե ՄՄ-ին լիիրավ անդամակցումը ինչպես կանդրադառնա հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա, դեսպանն ասաց. «ԵՄ-ն չի փակել իր դռները Հայաստանի առջև, այն բաց է Հայաստանի համար: Մաքսային միությանն անդամակցումը չի ներառում բազմաթիվ ոլորտներ` կառավարման, մարդու իրավունքների, արդարադատության և այլն»,- ասաց դեսպանը` ընդգծելով, որ հենց այս ոլորտներում էլ կարող են խորացվել ԵՄ-Հայաստան հարաբերությունները:

«Հայաստան-ԵՄ համագործակցության ուղիները բազմաթիվ են և պետք է ուսումնասիրվեն»,- նկատեց Ֆրանսիայի դեսպանը:

Անդրադառնալով տեսակետին, թե Մաքսային միությանը միանալու որոշումն Երևանն ընդունել է Մոսկվայի ճնշումների ներքո` Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություներին` դեսպանը նշեց, որ այս հոկտեմբերը հագեցած ամիս էր երկկողմ միջոցառումների տեսանկյունից: «Այս ամսվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներից յուրաքանչյուրը նպաստում է այն կապերի սերտացմանը, որոնցով կապված են Հայաստանն ու Ֆրանսիան»,- ասաց Ռենոն:

Մեկնաբանել