Թուրքիան էլ մեր տունն է. Բոսնիայի ԱԳՆ

Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Կոսովոյի ելույթից խոսքերը հանվել են համատեքստից, ասել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Զլատկո Լագումջիյան թուրքական Anadolu գործակալության հետ բացառիկ հարցազրույցում:

«Գիտենք, որ նրանք մեր տարածաշրջանում իրենց զգում են, ինչպես տանը և մեզ էլ կոչ են անում նույնն անել, երբ Թուրքիայում ենք», – ասել է Բոսնիայի թիվ մեկ դիվանագետը:

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում «Կոսովոյի դեմոկրատական թուրքական կուսակցության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ «Կոսովոն Թուրքիա է, և Թուրքիան՝ Կոսովո»: Էրդողանը նաև ասել էր, որ «Կոսովոյում իրեն զգում է, ինչպես տանը»:

Էրդողանի այս խոսքերը քննադատել է պաշտոնական Բելգրադը, որն այս առթիվ հայտարարություն էր տարածել: Դրանում, մասնավորապես, ասված էր. «Սերբիայի Հանրապետությունում նման հայտարարությունները չեն կարող ընկալվել որպես բարեկամական: Դրանք հեռու են այն հավաստիացումներից, որոնք անում են թուրք պաշտոնյաները մեզ հետ շփումներում»:

Anadolu-ի հետ զրույցում Լագումջիյան նաև ասել է, որ Թուրքիան այնպիսի հզոր երկիր է, որ շահագրգռված չէ ինչ-որ մեկին մյուսի փոխարեն նախապատվություն տալու մեջ:

«Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է առնվազն գոհ լինեն այն փաստից, որ Թուրքիայի պես քաղաքական, մշակութային, սոցիալական առումով հզոր երկիրը մեզ առաջարկում է Թուրքիայում, իսկ հայրենակիցներին՝ այստեղ՝ Կոսովոյում, զգալ ինչպես տանը», – ասել է Բոսնիայի արտգործնախարարը:

Կոսովոյում Էրդողանի հայտարարության առթիվ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ այն սխալ է ընկալվել: Դավութօղլուի խոսքով՝ Էրդողանի ելույթի սերբերեն թարգմանությունը Թուրքիան ներկայացրել է այնպես, կարծես նա ունի «նվաճողական և նեո-օսմանյան նկրտումներ», մինչդեռ իր երկիրը հեռու է նման հավակնություններից:

Մեկնաբանել